Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Վարդան Գրիգորյանի դեմ: Դրա հիմքում Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նաեւ այն իրողությունը մատնանշեց, որ ժամանակին Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը դատավորը մերժել է՝ պատճառաբանելով, թե գտնվելով ազատության մեջ՝ Ղուկասյանը կարող է ազդել գործով վկաների վրա:
«Այսինքն, դուք գտնում եք, որ հենց Ղուկասյանը հայտնվի ազատության մեջ՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ապօրինի ազդեցություն է գործելու ու ասելու՝ «ցուցմունքդ փոխի՞»: Տրամաբանական չէ…Բացի այդ, նրանք ՊՊԾ գնդի գրավման առնչությամբ են ցուցմունքներ տվել»,-նկատեց Կարեն Մեժլումյանը: Նա վստահություն հայտնեց, որ դատավորը խնդիր ունի ամեն գնով Անդրիաս Ղուկասյանին պահել անազատության մեջ. «Այս դատավարությունը Ղուկասյանի դեմ հաշվեհարդար է»:
Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին ասաց. «Այդ միջնորդության մերժման մեջ նշվել է, որ ազատության մեջ գտնվելով՝ ես հանրային վտանգ կարող եմ ներկայացնել: Եթե ասեիք՝ վտանգ կարող եմ ներկայացնել իշխանության կոռուպցիոն ռեժիմի դեմ, կհամաձայնեի: Բայց նշված սահմանումը ոչ մի հիմնավորում չունի»: Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ իր քաղաքական կենսագրության մեջ չկա ոչ մի կետ, որը թույլ կտար մտածել, թե ինքը կարող է վտանգ ներկայացնել հանրության համար. «Զրպարտություն է պնդումը, թե ես գտնվելով ազատության մեջ՝ վտանգ էի ներկայացնելու: Դուք մերժել եք ինձ կալանքից ազատելու միջնորդությունը՝ գտնվելով քաղաքական ազդեցության տակ»: Դատավոր Վարդան Գրիգորյանը չհամաձայնեց՝ ասելով, որ ոչ մի քաղաքական ազդեցության մասին խոսք լինել չի կարող:
Դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ դատավորի հանդեպ ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկեց՝ պաշտպանական կողմի պնդումները «էժանագին շոու» որակելով: Կողմերի բանավեճը հասավ նրան, որ դատավոր Վարդան Գրիգորյանը Կարեն Մեժլումյանին մեղադրեց Քրեական դատավարության օրենսգրքին չտիրապետելու մեջ, Մեժլումյանն էլ հայտարարեց, որ դատավորն անձնավորված մոտեցում է ցուցաբերում իր հանդեպ: «Ես այնքան գիտելիք ունեմ, որ կարող եմ դիմել ՄԻԵԴ, որը իմ դիմումին առաջնահերթություն կտա: Ես այդ փաստաբանն եմ»,-վրդովված ասաց Կարեն Մեժլումյանը, դատավորն էլ կրկին կասկածի տակ դրեց նրա գիտելիքները:
Իր դեմ ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ դատավոր Վարդան Գրիգորյանը դեռ որոշում կայացնելու չի գնացել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ