Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ողբերգությունը որպես օրինաչափություն կամ՝ Հայաստանի գլխավոր սպառնալիքը

Մարտ 27,2018 22:00

Ռուսաստանի Կեմերովոյում ծավալված դրաման շատ հեռուն է տանելու: Այս մարդկային խորը ողբերգությունը սկիզբ առավ պատահական գործոնից, որի խորքում առկա են մի շարք համակարգային օրինաչափություններ:

Իհարկե, այս ամենի մասին առաջին հերթին պետք է ռուս հասարակությունը հոգ տանի, մանավանդ, երբ խոսքը գնում է եւ գնալու է կարծես պարզ բաների մասին: Եվ չէինք անդրադառնա դրան, եթե Ռուսաստանն իրենով այս աստիճան ներծծված չլիներ Հայաստանում, չունենար այս աստիճան դեստրուկտիվ դերակատարում, որն ունի այսօր:
Կեմերովոյի ողբերգությունը վեր է հանում ողջ համակարգային փտախտը, որը համակել է «աշխարհի մեկ վեցերորդը»: Այդ ձեւավորված համակարգում ոչ միայն յուրաքանչյուր օղակ է փուչիկ՝ ԱԻՆ-ից մինչեւ նախագահ, այլեւ այդ փուչիկները ցանկացած պահի կարող են պայթել իրենց իսկ քաղաքացիների վրա՝ խլելով նրանց եւ նրանց երեխաների կյանքը: Եվ դա, ցավոք, տեղի է ունենում ցինիկ, հաստակաշի անտարբերության ֆոնին, որն ապահովում է այդ «պետական համակարգը», որը գործում է մի գլխակեր տարածքի վրա, որը թյուրիմացաբար դեռ «պետություն» է կոչվում:

Ավելին, դա մի «պետություն» է, որը «երաշխավորում» է նաեւ մե՛ր անվտանգությունը, եւ տեղից վեր կացողը մեզ փորձում է բացատրել, թե դա որքան «կարեւոր» է մեզ համար: Իսկ այդ «պետությանը» պատկանող հեռուստաալիքներով տարբեր՝ ոչ այնքան սթափ եւ բավականին հիստերիկ անձինք դատողություններ են անում բազմաբեւեռ աշխարհից, միջուկային զենքից, «ռուսական աշխարհից» եւ բարձրացնում հավերժ ռուսական հարցը. «Իսկ դու ինձ հարգո՞ւմ ես»:

Ո՛չ, չենք հարգում: Եվ չենք էլ հարգելու, եւ չսպասե՛ք: Ինչպե՞ս հարգել մանր գողերին, որոնք բռնազավթել են մի ամբողջ պետություն, որոնք զբաղված են քիմիական ահաբեկչությամբ եւ սատարում են ահաբեկիչներին, որոնք «տանիք են դարձել» այլ երկրներում կազմակերպված քրեական խմբավորումների համար, որոնք իրենց գլխից մեծ «գործեր» են բռնել, տիրացել աստղաբաշխական գումարների՝ մնալով նույն մանր գողը, որն ինքն իրենից էլ է գողանում:

ԱՄՆ-ը եւ Եվրամիության անդամ երկրները շաբաթվա սկզբից սկսեցին ձերբազատվել իրենց մոտ բույն դրած լրտեսական որջերից, որոնք թյուրիմացաբար «դեսպանություններ» են կոչվում: Իսկ Մոսկվան «վրդովված» է, բոլորին «ռուսաֆոբ» է անվանում, մինչդեռ մուլտֆիլմերով փորձում է սարսափեցնել եւ միջուկային շանտաժի ենթարկել «արեւմտյան գործընկերներին»:

Այս ամենը մակերեսին է, եւ աչք ունեցողը տեսնում է, իսկ ականջ ունեցողը՝ լսում: Սակայն, ինչպես երեւում է, Երեւանում, կարծես, թե՛ աչքի, թե՛ ականջի խնդիր կա:
Հենց երկուշաբթի օրը, երբ աշխարհը հայտարարում է ռուսական ներկայությունից ձերբազատվելու մասին, «ՌԴ Զինված Ուժերի Հարավային օկրուգ» կոչված կազմավորման մամլո ծառայությունն ավետում է մեզ, որ Հայաստանում ծավալվելու են Ռուսաստանի Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք, ըստ հաղորդագրության, այստեղ «Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորում զինվորական կարգապահության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ օբյեկտների պահպանության համար են ձեւավորվում»:

Պարզվում է նաեւ, որ «անձնակազմը կստանա հատուկ հանդերձանք: Ստորաբաժանմանը կհատկացվեն հաստիքային զենք, ռազմական տեխնիկա եւ հատուկ միջոցներ: Անձնակազմը զինվորական հոգեբանների կողմից ընտրվում Է պայմանագրով ծառայություն անցնող սպաների, սերժանտների ու զինվորների թվից»:
Ավելին, «մինչեւ ուսուցման ամառային շրջանի սկսվելը, պլանավորվում է ռազմական ոստիկանության եւս մեկ ստորաբաժանում ձեւավորել Երեւանի կայազորում»:
Հիմա սա ի՞նչ է. «Ազգ-բանա՞կ»-ի, թե՞ «եւ-եւ»-ի նոր դրսեւորում, որից ոչ ոք տեղյակ չէ, բացի այդ՝ «ՌԴ Զինված Ուժերի Հարավային օկրուգ»-ից: Ներկա պահին մենք ունենք միայն այդ հաղորդագրությունը եւ պաշտոնական Երեւանի աղաղակող լռությունը: Եվ այս առիթով Պուտինին՝ իր ընկերների հետ միասին իր ժողովրդի գլխին բերած բազմաթիվ աղետների համար ցավակցելու փոխարեն արժե ցավակցել Հայաստանի Հանրապետությանը, երբ քաղաքական դաշտ կոչվածը ոչ թե ձգտում է հեռու պահել իրեն այս ամենից, այլ դառնում է այդ հիվանդության բաղկացուցիչ՝ վարակելով պետականության ողջ հյուսվածքը:

Սա ոչ թե «ռուսաֆոբիա» է կամ մերկապարանոց պնդում, այլ պարզ եւ ուղղակի պատճառահետեւանքային կապի արձանագրում: Իսկ ինչո՞վ է զբաղված եղել մինչ օրս այդ «ՌԴ Զինված Ուժերի Հարավային օկրուգ» կոչված կազմավորումը: Այն զբաղված է պատժիչ գործողություններով Հյուսիսային Կովկասում, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի օկուպացիայով, Ուկրաինայի արեւելք ներխուժմամբ, Ղրիմը «կանաչ մարդուկներով» հեղեղելով եւ Սեւ ծովը սպառնալիքի աղբյուրի վերածելով, Ուկրաինայի տարածքում ահաբեկչական գործողություններ եւ դիվերսիաներ ձեռնարկելով, Վրաստանի տարածքից մարդկանց առեւանգելով եւ այս ամենի համար վարձկաններ մոբիլիզացնելով: Իսկ այս ամենից հետո նաեւ՝ «երաշխավորելով Հայաստանի անվտանգությունը» եւ ապահովելով «դարավոր բարեկամության» անքակտելիությունը՝ Ադրբեջանին մինչեւ ատամները զինելուց հետո:

Պարզվում է՝ այս ամենը ռուսներին բավարար չէ, պակասում է վարձկաններից բաղկացած «ռազմական ոստիկանությունը», որը «կապահովի» մեզ մոտ «զինվորական կարգապահություն, ճանապարհային երթեւեկության անվտանգություն» եւ այլ զարմանահրաշ բաներ:

Այս ամենն իհարկե շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: Այս ամենից հետո ուղղակի հարց է ծագում, թե ո՞վ է ի վերջո իրականում ապահովելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, երբ բազմաթիվ «Կեմերովո»-ների ականները տակը դրած այս սպառնալիքի առաջ երկրի դարպասներն այսքան լայնորեն են բացվում, եւ քաղաքացիները դրա մասին իմանում են դրսից տարածվող հաղորդագրություններից:
Հաստատապես, նրանք չէ, որ պիտի մեզ պաշտպանեն: Մեզ պաշտպանել է պետք առաջին հերթին հենց այսպիսի պաշտպաններից, նաեւ նրանցից, ովքեր աչքեր ունեն, բայց չե՛ն տեսնում, ականջ ունեն, բայց չե՛ն լսում՝ թույլ տալով երկիրն այս անկանխատեսելի աշխարհում վերածելու ականապատ դաշտի:

Ողբերգությունները «մեր ռազմավարական դաշնակցի» մոտ օրինաչափություն են, եւ Հայաստանը կարիք ունի ձերբազատվելու այս օրինաչափությունից, հետ մղելու այդ օրինաչափությունն իրենից: Իսկ Մոսկվան, եթե առաջ ձեր արցունքներին միայն չէր հավատում, հիմա, երբ զավթված է մանր գողերի կողմից, այլեւս ոչ միայն ձեր արցունքներին չի հավատում, այլեւ թքած ունենա ձեր արցունքների վրա վերից վար, ձեր ԵՏՄ-ՀԱՊԿ-ի «պայմանագրերով», ձեր «եւ-եւ»-ով, ձեր «տուրիստական հոլովակներով» հանդերձ՝ առնվազն այն չափով, որ չափով թքած ունենա իր իսկ քաղաքացիների եւ նրանց երեխաների կյանքերի վրա:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Խորին ցավակցություններս Կեմերովոյում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:

«Առավոտ»

27.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Янв Робова says:

    Добрый день уважаемый Рубен.
    Я очень рад , что так думают в Армении очень мало людей, Ваша статья на столько впытына ненавистью, что оставляет противоложный эффект. Удачи Вам в жизни!)

  2. Էլենա says:

    Трагедия в Кемерово стала просто поводом очередной раз облить Россию грязью.
    Лучше бы обсудили реальные проблемы Армении.
    Независимая Республика отнюдь не процветает.
    Я регулярно езжу в Ереван на могилу родителей, говорю с людьми, сама наблюдаю.
    Коррупция просто фантастическая, без взятки не ступить и шага, промышленность в руинах, население разбегается. Видимо Россия виновата?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031