Կառավարության ներկայացրած 7, 7 տոկոս տնտեսական աճում էական է կառուցվածքը եւ նրա ազդեցությունը տնտեսության ու քաղաքացիների վրա: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով կառավարության ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշների մասին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Ծառուկյան» դաշինքում այն կարծիքին են, որ աճը ներառական չէ`չի հիմնավորում ՀՀ քաղաքացու վրա դրա անդրադարձը, աշխատատեղերի ստեղծման չի բերում:
Սերգեյ Բագրատյանն ասում է`ենթադրենք, թե ունենք այդ աճը, սա իր հերթին ենթադրում է եւս 100 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ: Իսկ դա նշանակում է, որ թոշակները, նպաստները պետք է բարձրացնեինք եւ ներգաղթ պետք է լիներ, քանի որ այդպիսի տնտեսական աճը նաեւ ներգաղթ է ապահովելու: «Բայց մարդկային եւ ֆինանսական կապիտալը եթե դեռ արտահոսում է, նշանակում է թաքնված խնդիրներ կան»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Դեպի Հայաստան կապիտալի ներհոսք էլ չկա, ներդրումներ չկան, ըստ բանախոսի՝ սա էլ չի խոսում աճի մասին: «Արտագաղթը եւ կյանքի որակի բացասական միտումները շարունակվում են: Սա նշանակում է, որ այս տնտեսական աճը ռեալ սեկտորում տեղի չի ունեցել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը, նկատելով, որ այդ տնտեսական աճը եղել է օտարերկրյա ներդրումների եւ կապիտալի արտահոսքի հաշվին:
Եթե իշխանական տարբեր մեկնաբաններ խոսում են տնտեսական աճի չինական մոդելի մասին`քաղաքական միակուսակցականության պայմաններում, Սերգեյ Բագրատյանը հակադարձում է, որ ի հեճուկս մեր երկրի, Չինաստանում միակուսակցականության պայմաններում, բացարձակ ազատ տնտեսական հարաբերություններ են:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ