Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մի բանը 18 անգամ կրկնում եք, «տաֆտալոգիա» է դա». դատավորը՝ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանին

Մարտ 27,2018 13:25

Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար:

Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը դատավոր Վարդան Գրիգորյանի դեմ հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց: Պաշտպանի գնահատմամբ՝ դատավորը շարունակում է դատավարական խախտումներ թույլ տալ, սահմանափակել Անդրիաս Ղուկասյանի իրավունքները, մերժել իրենց միջնորդությունները, այդ պատճառով կրկին բացարկ է հայտնում նրան:

Դատավոր Վարդան Գրիգորյանը փաստաբանին ընդհատեց՝ ասելով, որ նա բացարկի նախկին՝ նույն հիմքերն է կրկնում: «Նոր բան ունե՞ք ասելու, դա արդեն լսել ենք, նորն ասեք»,-դիմեց նա Կարեն Մեժլումյանին:

Վերջինս պնդեց, որ շինծու մեղադրանք է դատարանում քննվում, եւ ինքը պետք է բարձրաձայնի դատարանի թույլ տված ապօրինությունների մասին:

Դատավորը կրկին չհամաձայնեց. «Մի բանը 18 անգամ կրկնում եք, «տաֆտալոգիա» է դա, դառնում եք եսիմ ինչ»,-բարձր տոնով ասաց նա պաշտպանին:

Կարեն Մեժլումյանն էլ առանց ձայնը բարձրացնելու շարունակեց. «Այնքան եմ կրկնելու, մինչեւ մեր միջնորդությունները հաշվի առնեք: Դուք անաչառ դատավոր չեք»:

Կարեն Մեժլումյանը համոզմունք հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանին նման մեղադրանք է առաջադրվել՝ Սարի թաղում խաղաղ ցուցարարների եւ լրագրողների վրա ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով սադրիչների հարձակումները ծածկելու եւ արդարացնելու համար:

Ապա պաշտպանը ցանկացավ մի ամերիկացի պրոֆեսորի հետ կապված օրինակ մեջբերել՝ ցույց տալու համար, թե ինչպես են ոստիկանները մարդու իրավունքները ոտնահարում, սակայն դատավորը կրկին ընդհատեց նրան. «Երբ սուրճի սեղանի շուրջ լինենք, դա կպատմեք»:

Կարեն Մեժլումյանը պնդեց, որ այդ օրինակը կարեւոր է: «Դատարանը պետք է ԱԺ-ի նման լիներ, որ ձեր խոսափողն անջատեինք»,-հեգնեց դատավորը:

Վերջինիս դեմ ինքնաբացարկի միջնորդության քննությունը շարունակվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031