Սիրիայի տարածքում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական կողմն ունի նոր կորուստներ։
Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից մարտի 26-ին Աֆրինում իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 թուրք զինվոր է սպանվել։
Լուրը հաստատվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից։ Վերջինիս հայտարարության մեջ տեղեկություն է հաղորդվել նաև Թուրքիայի օդուժի՝ քրդերի հենակետերի ուղղությամբ Հյուսիսային Իրաքում իրականացրած նոր գործողության մասին։
Ըստ դրա՝ մարտի 22-ին օպերացիա է իրականացվել Քանդիլ շրջանում, որի հետևանքով սպանվել է 41 քուրդ զինյալ։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել նաև Աֆրին քաղաքի հարևանությամբ գտնվող Ռաջո, Բյուլբյուլ, Շեյհ Հադիդ , Ջինդերես, Շերան, Մաբաթլը շրջանները:
Աղբյուր` Haberler