Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Առաջիկայում Հայաստանին սպասվում է պարտքի սպասարկման ծանրացում. «Հայոց աշխարհ»

Մարտ 27,2018 12:37

Կառավարությունը հույս ունի այս տարի բարելավել պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ։
Սակայն, մինչ այդ, պարտքը շարունակում է ավելանալ։ Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանի պարտավորությունները համալրվել են եւս 77 մլն դոլարով։ Դա տեղի է ունեցել բացառապես հունվարի ներգրավումների հաշվին։ Փոխարենը, փետրվարին պարտքը նույնիսկ 47 միլիոնով նվազել է, ինչը նշանակում է, որ այդ ամսին ավելի շատ մարում է իրականացվել։

Հայաստանի պարտքը մարտի սկզբին եղել է 6 մլրդ 851 մլն դոլար։ Չնայած պարտքային պարտավորություններն ավելացել են, այնուհանդերձ կառավարությունը լավատես է, ընդ որում՝ մտադիր է նվազեցնել սեփական պարտքի հարաբերակցությունը։ Ակնկալվում է, որ այս տարվա ավարտին այն կլինի համախառն ներքին արդյունքի 52,9 տոկոսի սահմաններում։

Պարտքի ցուցանիշների բարելավման համար վերջին շրջանում ստեղծվել են որոշակի դրական պայմաններ։ Խոսքը մասնավորապես անցած տարի արձանագրված բարձր տնտեսական աճի եւ համախառն ներքին արդյունքի ավելացման մասին է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի ցուցանիշները կապված են ՀՆԱ-ի հետ, վերջինիս փոփոխությունն ուղղակիորեն արտահայտվում է պարտքի բնութագրիչների վրա։

Վերջին տարիներին չնայած Հայաստանի պարտքային պարտավորությունները ակտիվորեն համալրվել են, այնուհանդերձ ցուցանիշների վատացումը շատ բանով պայմանավորված է տնտեսական գործընթացների պասիվությամբ եւ համախառն ներքին արդյունքի ավելացման ցածր տեմպով։

Նախորդ տարվա զարգացումները փոխել են վիճակը։ Տնտեսական բարձր աճը դրական գործոն է պարտքի բեռը մեղմելու համար։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում պարտքի կրճատմանը։ Այն կշարունակի ավելանալ, բայց դրա ազդեցությունը անհամեմատ թույլ կլինի։

Ի տարբերություն պարտքի ցուցանիշների ակնկալվող բարելավման, առաջիկայում Հայաստանին սպասվում է պարտքի սպասարկման ծանրացում։ Արդեն ընթացիկ տարի պետական բյուջեի ծախսերի ավելի քան 9 տոկոսը ուղղված կլինեն այդ խնդրի լուծմանը։ Ընդհանուր առմամբ կհատկացվի շուրջ 326 մլն դոլար։ Գումարի մեծ մասը՝ գրեթե 186 մլն դոլար, կտրամադրվի ներքին պարտքի մարմանը։ Նախատեսված միջոցների 43 տոկոսը կհատկացվի կառավարության արտաքին պարտավորությունների մարմանը։

Թեեւ պարտքի սպասարկումը գնալով ծանրանում է, այնուհանդերձ այդ առումով կառավարությունն առայժմ խնդիրներ չի տեսնում։ Հիմնական ռիսկերը կապված են 2020թ. հետ, երբ անհրաժեշտ կլինի առնվազն 2,5 անգամ ավելացնել սպասարկման համար պահանջվող միջոցները։ Այդ տարի Հայաստանը ստիպված կլինի պարտքի մարմանն ուղղել շուրջ 800 մլն դոլար, որից 500 միլիոնը բաժին կընկնի 2013թ. թողարկված՝ 7 տարի մարման ժամկետով տարադրամային պարտատոմսերի միանվագ սպասարկմանը։ Դրա ազդեցությունը պետական բյուջեի վրա թուլացնելու համար կառավարությունն արդեն քննարկում է հնարավոր տարբերակները։ Դրանք մի քանիսն են, թեեւ ամեն մեկն ունի իր լավ եւ վատ կողմերը։

Հիմնական տարբերակներից մեկը համարվում է նոր պարտավորությունների ձեւավորումը։ Այլ կերպ ասած, միջազգային կազմակերպություններից վարկային միջոցների ներգրավումը եւ դրանք պարտատոմսերի մարմանն ուղղելը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031