2017 թ. հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ սպանության փորձի գործով մի քանի օր առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս աղմկոտ գործը շուտով կուղարկվի դատարան։
Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը, սակայն, սույն գործով մեղադրյալ Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են։ Եթե նախաքննության սկզբում նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, ապա այժմ իրավիճակը փոխվել է։
Գործի վերաբերյալ հարցերին է պատասխանել Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը։
– Մամուլում գրվեց, որ Արգամ Հովիկյանը դեպքի պահին խմիչքի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել։ Այդ մասով փորձաքննության արդյունքները կա՞ն։
– Նա ի սկզբանե հայտարարել է, որ ոգելից խմիչք օգտագործած չի եղել, իսկ թմրանյութի մասով ինքնասպանության փորձ կատարելուց հետո իրեն մորֆի են ներարկել, որ վիրահատեն, հետո են նմուշ վերցրել եւ փորձաքննություն նշանակել, որի արդյունքներով էլ նա թմրանյութ օգտագործած է եղել, բայց քննիչն էլ է հասկացել, որ դա ներարկված մորֆին է։ Վիրահատական փաստաթղթերը գործում կան։
– Ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ կա՞ն։
– Այո, իր կնոջ եւ կնոջ տատի ցուցմունքներ են, որոնք առերես հարցաքննության ընթացքում էլ են պնդել։ Հիմնականը դրանք են։
– Իսկ 3-ամյա երեխայի հայրը հարցաքննվե՞լ է:
– Նա հարցաքննվել է եւ ասել, որ չի բողոքում, գրել է՝ ես Արգամ Հովիկյանի դեմ բողոք չունեմ։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում