Մարտի 23-ին տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, և ԳՄ նոր ներկայացուցիչ՝ սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը: 2015թ. հունվարից Գերագույն մարմնի ներկայացուցիչը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: Աղվան Վարդանյանը ոչ միայն ԳՄ ներկայացուցիչ չի ընտրվել, այլ չկա նաև նորընտիր ԳՄ կազմում: 2016թ. ընտրված Գերագույն մարմնի 13 անդամներից նոր ԳՄ կազմում վերընտրվել են միայն երեքը: Մնացած 10-ի փոխարեն ընտրվել են ԳՄ 6 նոր անդամներ:
Գերագույն մարմնի կազմում, բացի Աղվան Վարդանյանից, չեն վերընտրվել նաև կուսակցության այլ կարկառուն ներկայացուցիչներ: Նրանց բոլորին միավորում է մի ընդհանուր հանգամանք. նրանք կամ կառավարությունում են կամ խորհրդարանում, կամ որևէ պետական պաշտոն են զբաղեցնում:
Եվ ուրեմն ինչով պետք է բացատրել այս ահռելի փոփոխությունը, որը տեղի է ունեցել ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավար կազմում: Առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ ՀՅԴ-ն ուզում է տարանջատվել իշխանությունից, և այդ պատճառով ստեղծվել է այսպես կոչված ոչ իշխանական Գերագույն մարմին, որի կազմում չկան մարդիկ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում ներկայիս կառավարությունում, կամ հայտնի են այս իշխանության նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներով: Այս դիտարկումը գուցե և մոտ լիներ իրականությանը, եթե ընդհանրապես հնարավոր լիներ պատկերացնել Դաշնակցությանը առանց իշխանության: Արդեն շուրջ երեք տարի Դաշնակցությունը վերջնականապես միացել, կարելի է ասել՝ ձուլվել է իշխանությանը, և որևէ մեկը և ոչինչ չի կարող այդ կուսակցությանը ստիպել պոկվել իշխանությունից: Բացի այդ, որևէ մեկը ընդդիմադիր Դաշնակցությանը լուրջ չի վերաբերվի, ինչպես, օրինակ, որևէ մեկը չի հավատա, որ «Օրինաց երկիրը» կամ Արթուր Բաղդասարյանը կարող է ընդդիմադիր լինել: Համենայնդեպս, առաջիկա հարյուր տարում: Բայց եթե Դաշնակցությունը չի ուզում տարանջատվել իշխանությունից, այդ դեպքում ինչ իմաստ ունի իշխանության մեջ եղած դաշնակցականներին հեռացնել կուսակցության ղեկավար մարմնից: Դա մոտավորապես նույնն է, որ ՀՀԿ գործադիր մարմնից հեռացվեն դրա պաշտոնյան և պատգամավոր անդամները: Տակը ուղղակի մարդ չի մնա:
Գալուստ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Պետք է չմոռանալ , որ ապրիլին ձևավորվելու է նոր կառավարություն։