Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է ազգային անվտանգության նոր հայեցակարգ. «Հայոց Աշխարհ»

Մարտ 27,2018 11:29

Ներկայումս մեզանում լայնորեն քննարկվող Զինված ուժերի արդիականացման 2018-2024 թթ. ծրագիրն արտացոլում է Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության միտումի երկարաժամկետ բնույթը իմաստավորելու եւ այդ համատեքստում ուրվագծվող մարտահրավերներին դիմակայելու հրամայական անհրաժեշտությունը։

Անշուշտ այդ փաստաթուղթն ունի փակ եւ բաց մասեր, սակայն էականն այն է, որ հաղթահարվում է մեր երկրին սպառնացող վտանգների պարզունակ-իրավիճակային ընկալումը։ Պատճառն առաջիկա տարիներին ուրվագծվող վտանգների կայուն բնույթի հաստատագրումն է, այսինքն՝ այն իրողության գիտակցումը, որ դրանք այլեւս կապված չեն Ղարաբաղյան հակամարտության արագ կամ դանդաղ կարգավորման հետ։

Իհարկե Ղարաբաղի հարցը եղել ու մնում է ամենասուրն ու հրատապը, դրանով հանդերձ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի շուրջը ստեղծվող աշխարհաքաղաքական նոր կացության հիմնական յուրահատկությունը ապագա դիմակայության աշխարհագրության ընդլայնումն է, որն աստիճանաբար սկսում է ներառել մեր զույգ պետությունների գրեթե ողջ տարածքը։
Պատճառը ոչ միայն ժամանակակից պատերազմի բնույթի փոփոխությունն է, այլեւ ներկա տարեսկզբին մեր հավանական հակառակորդների ռազմավարական նպատակների հստակ լուսարձակումը, ինչը պահանջում է համապատասխան գնահատական Ազգային անվտանգության հայեցակարգի փոփոխության միջոցով։

Պատահական չպետք է համարել, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը Հայաստանի զգալի մասի հանդեպ իր հավակնությունները դրսեւորեց Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից Աֆրինի ռազմական գործողության սկսվելուն պես եւ նույն երգը շարունակում է երգել հիմա՝ չանսալով անգամ իր հասցեին տարբեր երկրներից հնչող քննադատություններին ու նախազգուշացումներին։ Ավելի քան ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր երկրի հետ կապված որոշակի ծրագիր ունի, որը չի սահմանափակվում միայն Ղարաբաղի վերագրավման նպատակադրումով։

Այն պանթուրքիզմի ավանդական նպատակների նորացված տարբերակն է, որը ենթադրում է Հարավային Կովկասում հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը՝ երկու ձեռքով, բայց մեկ նպատակով իրականացվող ընդհանուր ռազմավարության միջոցով։ Այդ ծրագրի հիմքում ընկած է առաջիկա տասնամյակում մեր տարածաշրջանին սպասող աշխարհաքաղաքական վերաձեւումների գործընթացն օգտագործելու նպատակադրումը, որում կողմերը հանդես են գալու երկու տարբեր դերերով։
Առաջինը Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության մթնոլորտում Թուրքիայի խաղարկած ճոճանակային քաղաքականությունը մեր տարածաշրջան տեղափոխելու, այսինքն՝ հերթականությամբ մեկ Ռուսաստանի, մեկ՝ Արեւմուտքի կողմը թեքվելով քրդերի կամ հայերի հետ հաշիվները մաքրելու ռազմավարությունն է։

Ինչպես նշում է թուրք վերլուծաբան Հասան Օքթայը՝ հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում, Թուրքիան չի պատրաստվում դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց միաժամանակ ցանկանում է ռազմավարական բնույթ հաղորդել Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ նրա հավանությունը ստանալ Հարավային Կովկասում գոյություն ունեցող հարցերի, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։
Երկրորդը Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացման պայմաններում Հայաստանի վրա հարձակվելու՝ Մոսկվայից քարտ-բլանշ ստանալու Ադրբեջանի համառ ու անթաքույց ձգտումն է։ Ադրբեջանում սպասում են ապրիլի սկզբներին նախատեսվող Ռ. Էրդողան-Վ. Պուտին հանդիպմանը, որում, թուրքական աղբյուրների պնդմամբ, քննարկվելու է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031