Կարիք չկա վախենալու, որ ՀՀ նախագահի ձեռքից վերցվել են գրեթե բոլոր նշանակալի լծակները: Դա ժամանակավոր երեւույթ է եւ, անկասկած, դեռ սրբագրումների կենթարկվի, եթե զգանք, որ ՀՀ նախագահը որեւէ հարց չի կարողանում լուծել այս կամ այն խոչընդոտի պատճառով:
Մյուս կողմից էլ՝ ոչ ոք չի կարող նստել եւ թղթի վրա անբեկանելի սահմաններ գծել նախագահի համար: Այստեղ շատ կարեւոր է նախագահի անձը` նրա քաղաքական կշիռը երկրի ներսում, խարիզման, կապերը, կյանքի իմացությունը: Ի վերջո, նրա դիրքից է ամենից լավ երեւում այն դաշտը, որտեղ կարելի է գործել ու անել ավելին, քան Սահմանադրությունն է թույլատրում:
Արմեն Սարգսյանի անձը հույս ներշնչում է, որ նա լուրջ պոտենցիալ ունի իր գործունեության դաշտի ոչ միայն մակերեսային, այլեւ խորքային ընդլայնման համար: Մեր հարեւան Վրաստանի հաջողություններից մեկն էլ նախագահ-վարչապետ առողջ մրցակցությունն է: Միշտ էլ երկու առաջին դեմքերը երկրի համար ավելին կարող են անել, քան մեկը: Արմեն Սարգսյանը մոտ 4 տարի ունի ՀՀ ներքաղաքական կյանքում արմատներ նետելու, ինչպես ասում են` ունեցած-չունեցածը ինվենտարիզացիա անելու եւ իր քայլերով ու աշխատանքով հասարակության համակրանքը նվաճելու համար: 2022 թվականի ԱԺ ընտրություններում նրա գաղափարական թիմը (նոր կուսակցություն կամ դաշինք) կկարողանա հաջողությամբ մրցակցել բոլոր ուժերի հետ:
Գուցե այս ուղղությամբ է մտածում նաեւ Սերժ Սարգսյանը, որ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելու հարցում, եթե չասենք՝ մենակատար, ապա գլխավոր որոշում կայացնողը դարձավ: Ինչ-որ տեղ հասկանալի է նաեւ նրա մտահոգությունը, որ միանգամից մեծ լիազորություններով նախագահ չբերեց: Մենք դրա փորձն էլ ունենք`ուզում ենք լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ: Տեղ կա, որ պետք է դանդաղ շտապել: Սահմանադրությունն այն բանը չէ, որ փոխես ու ասես` վերջ, փոխվեցինք:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում