ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախօրեին խոսելով ինստիտուցիոնալ կուսակցության ստեղծման խնդրի մասին, հայտարարել է, որ ոչ փակուղային մեկ ճանապարհ կա Հայաստանում՝ ռեսուրսների սղության պայմաններում, գնալ, գտնել որևէ հովանավոր ՀՀԿ-ում և կարիերային աճ ապահովել:
Փաշինյանի ակնարկը բավականին բազմիմաստ է և կարող է ուղղված լինել ընդհուպ «Ելք» դաշինքի իր դաշնակիցներին, գուցե դե ֆակտո արդեն նախկին դաշնակիցներին, որոնք նրա հետ չեն գնում հրապարակ: Խոշոր հաշվով, հրապարակ չգնալու այլընտրանքը պետք է լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու խնդիրը կամ ճանապարհային քարտեզը, այլապես հայաստանյան ոչ դասական, ոչ սահմանադրական-քաղաքագիտական քաղաքականության մեջ այլ նպատակ չի կարող լինել՝ կամ հրապարակի միջոցով ճնշման փորձ, կամ ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորման երկարատև ու իսկապես բավականին բարդ գործընթաց, որը կպահանջի բավականին ճկունություն, համբերություն, մարտավարական բազմազանություն և իհարկե ռեսուրսներ:
Այդ իմաստով, Փաշինյանի հայտարարությունը ուղղակի, թե անուղղակի մեղադրանք է իր դաշնակիցների հասցեին, որ նրանք փաստորեն ընտրում են ՀՀԿ-ում որևէ հովանավոր գտնելու տարբերակը, եթե իր հետ չեն գնում հրապարակ: Միևնույն ժամանակ, Փաշինյանն այդ իմաստով փաստորեն հրապարակավ հրաժարվում է ինստիտուցիոնալ ընդդիմության իր գաղափարից, որով նա սկսել էր քաղաքացիական պայմանագրի ձևավորումը, որը ըստ էության, նրա այսպես ասած՝ «ֆիշկան» էր Հայ ազգային կոնգրեսից դուրս գալուց հետո: Առնվազն հարց է առաջանում, երբ խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, Փաշինյանն այն ժամանակ չէ՞ր պատկերացնում, որ դա կամ փակուղի է տանելու, կամ տանելու է ՀՀԿ-ից որևէ մեկի դուռը, Փաշինյանն ընթացքո՞ւմ եկավ այդ պատկերացման, թե՞ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին հայտարարությունները նրա համար ունեին այն ժամանակ զուտ մարտավարական, իրավիճակային քարոզչական նպատակ և ամենևին ռազմավարական խորքային ուսումնասիրության կամ դիտարկման արդյունք չէին
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում