Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր անկյուններում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատերարվեստի գործիչների մասնագիտական տոն, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Դարեր շարունակ հանդիսանալով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ հայկական թատրոնն այսօր էլ շարունակում է մեծ ավանդ բերել հոգևոր արժեքների տարածման ու զարգացման, ինչպես նաև սերունդների աշխարհայացքի ձևավորման գործում: Հայկական թատրոնի ավանդույթների պահպանման, դրանք սերունդների սեփականությունը դարձնելու, գեղարվեստական նոր, մնայուն արժեքներ ստեղծելու գործում անգնահատելի է նաև ձեր՝ թատերարվեստի նվիրյալներիդ ավանդը: Դուք արժանիորեն շարունակում եք հայ թատերարվեստի լավագույն ավանդույթները՝ նոր լիցք ու թարմություն հաղորդելով մշակութային մեր կյանքին:
Հարգելի բարեկամներ,
ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական նոր վերելքներ ու լեփ-լեցուն դահլիճներ: Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով և հրաշալի դերակատարումներով:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ