Այն հազվադեպ կիրակիները, որոնք ես կարող եմ անցկացնել համացանցից հեռու (ամիսը` երկու կիրակի), ինձ համար իսկական տոն են: Մտքերս շարադրում եմ, ինչպես վարչապետն է սիրում ասել, թուղթ ու գրիչով, դրանք հետագայում համակարգչին հանձնելու հեռանկարով: Կարդում եմ բացառապես ավանդական, թղթի վրա գրված գրքեր:
Ամսվա մնացած 28 օրը ես ստիպված եմ լինել համացանցում՝ օրվա տեղեկատվությանը հետեւելու նպատակով: Դա իմ աշխատանքն է, որը ես սիրում եմ: Բայց, ի հեճուկս լրագրության դասագրքերում շարադրված եւ, ի դեպ, միանգամայն ճիշտ սկզբունքների, համացանցում, եւ առաջին հերթին սոցիալական ցանցերում, հնարավոր չէ տարանջատել տեղեկատվությունը կարծիքներից, տեսակետներից, մեկնաբանություններից: Իսկ վերջիններս, որպես կանոն, լեցուն են չարությամբ, ատելությամբ, ուրիշին վիրավորելու, ծաղրելու, ցավ պատճառելու եւ դրանով ինքնաբավարարվելու ցանկությամբ:
Չարության թիրախը, որպես կանոն, իշխանություններն են, հարուստները: Բայց` ոչ միայն: Հաճախ նաեւ` գործընկերները: Պատահում է՝ պարզապես հաջողակ մարդիկ: Չնայած հաջողությունը, ինչպես հայտնի է, չափազանց հարաբերական կատեգորիա է: Համոզված եմ՝ որքան մարդ զուսպ է եւ համեստ իր պահանջմունքներով, այնքան շատ է հավանականությունը, որ նա իր հաջողությունը փնտրում է այլ՝ զանգվածային ստանդարտներից հեռու ոլորտներում:
Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ հաճույք է ստանում, Ֆրոյդի նկարագրած ո՞ր բարդույթներն է հաղթահարում մարդը, որը ինչ-որ տեղեկատվության տակ որպես մեկնաբանություն գրում է` anasun: Ի տարբերություն հասարակական զուգարանի պատերին երեք տառանոց բառեր գրողների՝ այս մեկն, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ դա քաղաքացիական խիզախության դրսեւորում է, որ նա հասարակական կամ ազգային գործիչ է, պայքարող տեսակ է եւ այլն: Anasun-ն, իհարկե, ծայրահեղացած օրինակ է, լինում են ավելի երկար եւ հայատառ գրառումներ, բայց սկզբունքը նույնն է՝ ինչ-որ բան բացականչելը եւ ինչ-որ թաքնված մթին բնազդներ լույս աշխարհ բերելը:
Կարծում եմ, որ լուծումը որքան հնարավոր է շատ բեռնաթափման օրեր ունենալն է, հնարավորինս երկար ժամանակով համացանցից հեռու մնալն է: Հակառակ դեպքում ուզես թե չուզես՝ հայտնվում ես «պայքարի» հորձանուտում եւ ամեն մի, պայմանականորեն ասած, anasun-ին ցանկանում ես նույն ոճի եւ նույն մակարդակի պատասխան տալ: Թեկուզ դա չես անում, բայց մի պահ, մի աննշան ակնթարթ այդպիսի գայթակղություն է առաջանում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամէն նորարութիւն ունի իր լաւ ու վատ կողմերը: Այդպէս է եղել հեռախօսի, հեռուստացոյցի, համացանցի պարագայում: Այդպէս է նաեւ ֆեյսբուքի պարագայում. այն նոր երեւոյթ է մեր կեանքում: Ժամանակի ընթացքում [գիտութեան լեզուով ասած], երբ համակարգը հասնի իր ստացիոնար վիճակին, ամէն ինչ ֆեյսբուքում կը հանդարտուի: Յիշո՞ւմ էք, տարիներ առաջ լոտոների առատութիւնը կամ այսօր՝ սերիալների առատութիւնը: Այսօր լոտոներ չկան, վաղը չեն լինելու նաեւ այսքան շատ (անորակ) սերիալներ ու ֆեյսբուքեան մաղձը:
Վերջերս ես էլ յոգնեցի ֆեյսբուքից: Հիմա վայելում եմ իրական կեանքը: Հայկական համացանցից հիմնականում մնացել են «Առաւօտն» ու «Ազատութիւնը» : Մի օր գուցէ այստեղ մեկնաբանութիւններ գրելուց էլ ձանձրանամ, ո՞վ գիտի 🙂
Ամբողջովին հրաժարուել համացանցից կամ խելախօսից (smartphone) անհնար է: Առօրեայ կեանքս, գիտական աշխատանքս դրանցից մեծապէս կախուած են: Բայց պէտք է դրանք խելացի օգտագործել եւ որ ամենակարեւորն է՝ ՉԱՓԱՒՈՐ ու անհրաժեշտաբար: Յիշո՞ւմ էք «Տժվժիկ» ֆիլմում Նիկողոս աղայի խօսքը բաղնիքում՝ «Ամէն բանի մէջ չափաւորութիւնը անհրաժեշտութիւն է»:
Հեշտօրէն տեղադրուող եւ գործածուող application-ներ կան, շնորհիւ որոնց, անձը կարող է կայքէջի մը այցելութեան տեւողութիւնը սահմանափակել, ինքն իրեն այդ առողջ կաշկանդումը պարտադրել, որպէսզի աւելորդ ժամանակ չկորսնցնէ, լուրջ գործերէն ետ չմնայ, պարապ տեղ չջղայնանայ, իրական աշխարհը չշփոթէ համացանցային խելագարութեան հետ:
Chrome-ի պարագային՝ StayFocusd («e»-ի պակասը վրիպակ չէ, այդպէս է անունը)
https://chrome.google.com/webstore/detail/stayfocusd/laankejkbhbdhmipfmgcngdelahlfoji?hl=en
Ցաւօք սրտի սուտն ու կեղծիքը քաղաքական ծիրէն անցած է ժողովրդական բոլոր խաւերուն
մէջ ՛ այնքան տարածուն կերպով ,որ յաճախ պարկեշտ անձերն /որ տակաւին կան և կը գործեն
անաղմուկ/ զոհ կ՛երթան;խոհեմութիւնը կը պահանջէ որ մարդիկ 1000 չափեն և ապա
արտայայտուին; Արդեօք յոյս ունենանք՞ որ մի օր այդ հասունութիւնը կրնայ տեղ գտնել մեր մէջ?
Ես կը խորհիմ որ պէտք չէ վհատիլ. Ժամանակի ընթացքին շատ բան բարեփոխուած է
հասարակութեան մէջ ;