Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական» վտանգի և ազատության ճանապարհի մասին. Վարուժան Ավետիսյան

Մարտ 26,2018 23:07

Կրկին ակտիվացել են Ռուսական կայսրության շահերն սպասարկող գործիչներն ու քաղաքագետները։

Նրանք հերթական անգամ քչփորում են մեր բաց վերքը՝ չարագուշակ դատողություններ ու կանխատեսումներ անելով Թուրքիայից մեզ սպառնացող վերահաս վտանգի մասին։

Նրանք անգամ նշում են հարվածի ուղղությունը՝ Նախիջևանը։ Ավելի շրջահայացները, այնուամենայնիվ, չեն մոռանում «կես բերան» ճշգրտել, որ Թուրքիան հարվածելու է Ադրբեջանի ձեռքով։

Նրանցից ոմանք համարձակվում են անգամ դիմակազերծվել, ներկայանալ իրենց բուն՝ թրքաբոլշևիկյան էությամբ և վկայակոչել Կարսի պայմանագիրը՝ այն ներկայացնելով որպես այդ վտանգը կանխելու միջազգային-իրավական հիմք ու մեխանիզմ։

Զուգահեռաբար՝ նրանք շեշտում և կարևորում են վերահաս աղետից խուսափելու և, առհասարակ՝ մեր «շահերը» իրացնելու հարցում Ռուսաստանի առաջնային դերը, երբևէ նրան որևէ այլ ուժից չգերադասելու, նրան չնեղացնելու ու չբարկացնելու կենսական անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նրանք նաև ջատագովում են Արցախի «անկախության», նրա իբրև թե սուբյեկտացման անհրաժեշտությունը Ռուսաստանի հովանու ներքո։ Որպեսզի Ռուսաստանը առանց մեզ հարցնելու մանրադրամի նման օգտագործի Արցախը։

Իրականում այս ենիչերիներն ակտիվացել են, որպեսզի․

ա) քողարկեն ռուս-թուրքական հերթական դավադրությամբ Ադրբեջանի միջոցով մեր ողնաշարը ջարդելու (ամենայն հավանականությամբ՝ նաև Նախիջևանի կողմից լայնածավալ հարձակում կատարելով) և Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության՝ Արցախի ազատագրմամբ և ՀՀ դե յուրե ինքնիշխանությամբ խախտված համակարգը վերականգնելու, այն է՝ Արցախը մեզանից օտարելու և ՀՀ-ն ինքնիշխանությունից զրկելու ծրագիրը,

բ) վերագործարկեն և վերալեգիտիմացնեն մեզ պետականությունից ու Հայրենիք ունենալու ապագայից զրկելու համար ռուս-թուրքական դաշինքով մեկ դար առաջ ստեղծված տարածաշրջանային ճարտարապետության իրավապայմանագրային հենքը,

գ) հող նախապատրաստեն թուրքի յաթաղանի փոխարեն ռուսի «փրկարար» սվինը գերադասելու և նրան ապավինելու համար,

դ) խոչընդոտեն տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման, ապագայում՝ նրա հեռացման և Ռուսաստանի փոխարեն այլ աշխարհաքաղաքական ուժերի՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի և Չինաստանի դերի մեծացման գործընթացին,

ե) առհասարակ՝ ամրապնդեն ու խորացնեն ռուսական սապոգին այլընտրանք չունենալու «ճակատագրական» մազոխիզմը, խորտակեն ինքնուրույն պետություն և սուբյեկտ դառնալու մեր իղձերն ու կոտրեն դրան միտված կամքը,

զ) և, վերջապես, կազմալուծեն ու ձախողեն համազգային մոբիլիզացիայի, ընդվզման ու դիմադրության հավանականությունը։

Այս ենիչերիների կանխատեսումները, թե մեզ վտանգ է սպառնում և այդ վտանգը կարող է Նախիջևանի կողմից գալ, շատ իրատեսական են։

Սակայն նրանց ասածը ճշմարտության կեսն է, ուստի կեղծիքից ավելի մեծ չարիք է։

Ճշմարտությունն այն է, որ մեր տարածաշրջանում Ռուսական կայսրության հայտնվելուց հետո մեզ սպառնացող գոյութենական վտանգը դադարեց լինել միայն թուրքական և այլևս դարձավ ռուս-թուրքական։

Այդ ժամանակվանից ի վեր այս երկու հակառակորդ, մրցակից տերությունները սկսեցին գզվռտոցը մեր մարմնի համար և բարի ու չար ոստիկան խաղալով միասնաբար հոշոտում են մեզ։

Այո, մենք նոր Սարդարապատի առաջ ենք կանգնած։

Եվ որպեսզի իսկապես համազգային Սարդարապատ լինի և մենք վերջապես ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունք ու հնարավորություն ձեռք բերենք՝ կառուցելով ազգային ինքնիշխան պետություն, նախ պետք է ձերբազատվենք թուրքի յաթաղանի և ռուսի սվինի մահացու երկընտրանքից, հրաժարվենք դրանից բխող և տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետությունը սպասարկող՝ այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, ինքնորոշվենք որպես 1-ին Հանրապետության, Հայրենիքի վերատիրության և ազգային առաքելության ժառանգորդներ ու այդպես մտնենք Սարդարապատ։

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ Սարդարապատը տեղի ունեցավ, քանի որ ռուսները հեռացել էին և մեր հույսը մենք էինք։ Իսկ երբ նրանք վերադարձան, պատմությունը կրկնվեց։

Ուստի ներկայիս թիվ մեկ նպատակը ռուսներին և նրա գործիք գաղութային վարչակազմին հեռացնելն է։ Եթե ապագաղութացումը չի դառնալու առաջնային նպատակ, ուրեմն պետք է սպասենք ծանր կորուստների։

Ասպարեզում առկա պայքարող ուժերը դեռևս քաղաքական տվայտանքների, ոմանք՝ նույնիսկ առևտրի մեջ են։

Քանի այդպես է, ոչ մի բան չի փոխվելու։

3-րդ Հանրապետությունը ազգային պետություն չէ, այլ գաղութատիրության գործիք։ Նրա օրենքը իրավունք չէ, այլ հպատակության մեխանիզմ։ Նրա կառավարման համակարգն ընդամենը գաղութային վարչակազմ է։ Նրա մեջ քաղաքականություն չկա, այլ միայն գաղութատեր Ռուսաստանի ու նրան ծառայող վարչակազմի շահերի սպասարկում։ Ուստի չկան նաև քաղաքական ինստիտուտներ։ Ամբողջը սուտ է, կեղծիք և իմիտացիա։ Առևտուր, խաբեություն և մոլորություն։

Միայն ապուշը չի հասկանում և միայն սրիկան է ձևեր թափում, թե եղածը պետություն է, ուստի այս երկու տեսակը ձայն ձայնի ու ձեռք ձեռքի տված մերժում են ապստամբությունը, մերժում են զավթիչին և բռնակալին բռնությամբ դիմադրելու ու վռնդելու տարբերակը՝ կամա թե ակամա ժողովրդին հերթական անգամ տանելով Դեր Զոր։ Նրանք չեն հոգնում կրկնել, թե քաղաքականությունը միայն անզեն է և խաղաղ, թե իրավունքը միայն դիմում է ու գանգատ։ Մինչդեռ ապստամբությունն ու պատերազմը ոչ միայն քաղաքականության և իրավունքի պատվավոր ու հարազատ զավակներն են, այլև վճռական, գոյութենական պարագաներում, ինչպես մեր վիճակն է, լուծման ու փրկության հիմնական ու միակ տարբերակներն են։

Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ ընդդիմադիր գործիչները չկարողացան և/կամ չուզեցին հաղթահարել հոգեմտավոր ու կամային ապիկարությունը, մնացին 3-րդ հանրապետության, գաղութատիրության իրավաքաղաքական հայեցակարգի, խաղաղի ու անզենի մահացու կապանքների մեջ, չկազմակերպեցին ժողովրդին ու չառաջնորդեցին նրան ապստամբության ճանապարհով, այլ ընդամենը փորձեցին այնպես անել, որ արյունահեղություն չլինի։

Եվ ի՞նչ։ Հերթական անգամ ժողովուրդը ջարդվեց, արյուն էլ տվեց, ապստամբությունը չծավալվեց ու երկիրը գերի մնաց, իսկ արտագաղթ-ցեղասպանությունն ու երիտասարդ զինվորների անտեղի զոհաբերությունը շարունակվեց։ Որպես արդյունք՝ արյունահեղությունը եղավ ու շատացավ։

Արագ և լայն քայլվածքով մոտենում ենք անդունդին։ Հոգեմտավոր խեղանդամների և կամազուրկ տկարների ժամանակը չէ։ Դրանք թշնամուց ավելի վտանգավոր և վնասակար են։

Մեր ճանապարհն է՝ 3-րդ հանրապետության հայեցակարգի մերժում, ապստամբական ազգային-ազատագրական պայքար, ազգային կառավարություն և Ադրբեջանի ջախջախմամբ Կուր-Արաքսյան նոր Հանրապետություն։

Մե՛նք ենք տերը մեր երկրի։

Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու։

 

Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ

26-ը մարտի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031