Այսօր «Հոդված 3» «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նախկինում Փաշինյան-Մարուքյան տարաձայնությունների մասին, երբ դաշինք կազմելուց առաջ Փաշինյանը կասկածի տակ էր առնում, որ «Լուսավոր Հայաստանին» եւ նրա ղեկավար Էդմոն Մարուքյանը ընդդիմություն են.
«Ինձ մոտ հարց է առաջանում՝ կամ Մարուքյանը ի սկզբանե չի աշխատել իշխանությունների համար, դուք սխալվում էիք, կամ Էդմոն Մարուքյանն աշխատել է, ու հիմա այլեւս չի աշխատում, կամ մինչեւ հիմա էլ աշխատում է իշխանության հետ, բայց դուք իր հետ դաշինքի մեջ եք, այս հանգույցը լուծեք»:
Փաշինյանն այս առնչությամբ ասաց, որ նախկինում էլ այս հարցերին պատասխանել է, եւ խոսքը վերաբերել է քաղաքական մոտեցումներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ապա` Փաշինյանն անդրադառնալով իշխանության «պրոյեկտ» լինելու վարկածներին, ասաց, որ կարող է մեկ այլ օրինակ բերել հօգուտ իշխանության, որ ինքը իշխանության պրոյեկտն է. «Օրինակ այն, որ ես ձեր առջեւ ողջ-առողջ , կենդանի նստած եմ, որովհետեւ Հայաստանում կան տեսակետներ՝ եթե ես չլինեի իշխանության պրոյեկտ, պետք է, ասենք՝ Թոխմախի գերեզմանոցում լինեի, մի հատ քար լիներ՝ երկու տող իմ ելույթից մեջբերած»:
Փաշինյանը հիշեցրեց Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ եղած ժամանակ իր ելույթը.« Ես շատ սուր ելույթ էի ունեցել, ինձ ասում էին՝ դե բացատրի, էս ելույթից հետո դու ոնց ես կենդանի: Ու այս հարցն իմ ամբողջ գործունեության ընթացքում հետապնդել է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ապա` Նիկոլ Փաշինյանը պատմեց իր նկատմամբ քաղաքական հետապնդումների դեպքերը՝ սկսած ուսանողական տարիներից մինչեւ 2011 թվականը. «1998 թվականին Սերժ Սարգսյանն ու Արտաշես Գեղամյանը ինձ միասնաբար դատի էին տվել, եւ միասնաբար էդ դատով հասան նրան, որ դատարանը 1999-ին ինձ 1 տարի ազատազրկման դատապարտեց: Հետո Եվրախորհրդի, միջազգային հանրության ճնշման արդյունքում բանտ չնստեցի: 98-ին իմ դեմ քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում իմ ստեղծած «Օրագիր»-ը փակվել էր՝ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Բաղդասարովի միջամտություններով: 2002-ին իմ դեմ քրեական գործ է հարուցվել, էլի դատական գործ է սկսվել, որը էլի հեռանկար չուներ: 2004-ին «Հայկական ժամանակ» խմբագրության մոտ կանգնեցված իմ ավտոմեքենան պայթեցվել է: 2007-ին քրեական գործ է հարուցվել: 2008-ին իմ նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորել են, հետո 7 տարվա ազատազրկման դատապարտել: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պատմության մեջ էդպիսի բան տեղի չի ունեցել՝ դիմակավորված անձինք, ես քնած էի, հարձակվել են ինձ վրա, դրանից հետո բան չի եղել: 2011-ին միջազգային հանրության, հայ հանրության եւ Հայաստանի ընդդիմության՝ համաժողովրդական շարժման, Հայ Ազգային կոնգրեսի ճնշումների ներքո բանտից ազատ եմ արձակվել: Այդ պահից սկսած հլը որ իշխանության հետ ա բան պատահում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանն այս ամենը պատմեց, նշելու համար. «Ես նվաճել եմ ցանկացածին՝ ցանկացած բան ասելու իրավունքը՝ այդ ցանկացածի աչքերի մեջ նայելով: Եվ ես ՀՀ քաղաքացիներին հրավիրում եմ ճշմարտությունն ասելու իրավունքը նվաճել: Հրավիրում եմ սեփական օրինակով ճշմարտությունը բարձրաձայնելու իրավունքը նվաճել: Ես երաշխավորում եմ՝ նվաճած իրավունքը ոչ ոք չի կարող հետ ստանալ: Ինչո՞ւ չեն կարողանում, որովհետեւ 27 տարի փորձում են՝ պուճուր մասշտաբից մինչեւ՝ մեծ, ու տեսնում են, որ չի ստացվում, ինչքան փորձում են ՝ ես այնքան ավելի եմ ուժեղանում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ