Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան պատերազմի նավթադոլարները. «Կոմերսանտ»

Մարտ 26,2018 22:20

Երկու տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, ադրբեջանական զորքերը հարձակվեցին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի վրա: Հարձակվողները ոտնատակ արեցին հակառակորդի առաջնային դիրքերը և գրավեցին մի քանի կարևոր ռազմավարական բարձունքներ, որից հետո հարձակողական եռանդը մարեց, ռուսական «Կոմերսանտ» թերթում գրում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մատվիենկոն:

Ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները մարտերի առաջին իսկ օրը ծանր կորուստներ կրեցին. հատուկ նշանակության ջոկատներից մեկը անգամ կորցրեց հրամանատարին ու շտաբի պետին, շարունակում է հոդվածագիրը: Հաջողություն չունեցան նաև ոչ այնքան համառ հայ պայմանագրայինները: Օգտագործելով իսրայելական ժամանակակից սպառազինությունը, առաջին հերթին երրորդ սերնդի հակատանկային համալիրներ և հարվածային կամիկաձե-անօդաչուներ՝ ադրբեջանական զորքերը պահեցին գրաված դիրքերը և ղարաբաղյան զորամասերին հասցրին նրանց համար անսովոր մեծ կորուստներ:

Երկու տարի առաջ տեղի ունեցած բախումներն անխուսափելի էին, կարծում է Մատվիենկոն: Դրա գլխավոր պատճառը դարձավ այն համեմատական հավասարակշռության խախտումը, որը պահպանվում էր ղարաբաղյան պատերազմի ավարտի առաջին տասնամյակում: 2004թ. հետո կրկնելով նավթի գների աճի կորագիծը՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կտրուկ աճեց, ավելացան սպառազինությանն ուղղված գնումները: 2008թ-ից Բաքուն կտրուկ փոխեց ռազմական ներմուծման մոդելը՝ խորհրդային զենքի ձեռքբերումից անցում կատարելով նոր արտադրության բարձրտեխնոլոգիական սպառազինությունների, ընդ որում, ոչ միայն հետխորհրդային տարածությունում, այլև Իսրայելում և Արևմուտքում: Արդյունքում 2014թ. Ադրբեջանի ռազմատեխնիկական գերակշռությունը Հայաստանի և ԼՂՀ հավաքական ուժերի նկատմամբ դարձել էր ճնշող:

Պատմական փորձը վկայում է. հենց ուժերի հավասարակշռության խիստ փոփոխության ժամանակ էլ ռազմական հակամարտության ռիսկը լրջորեն աճում է, գրում է Մատվիենկոն: Վերջին տասը տարիներին սպառազինության գնումների և բանակի արդիականացման մեջ ներդնելով մոտ 25 մլրդ դոլար՝ Բաքուն պարզապես չէր կարող չփորձարկել ուժերի նոր հարաբերակցությունը: 2016թ. ապրիլին նրա ռազմատեխնիկական գերակշռությունը, պարզվեց, բավարար չէ հաջողության համար, իսկ կորուստների հարաբերակցությունը գրեթե անընդունելի էր հայկական կողմի համար: Մյուս կողմից, երկարաժամկետ ժողովրդագրական և տնտեսական միտումները շարունակում են մնալ հօգուտ Ադրբեջանի, իսկ դա նշանակում է, որ ուժերը փորձարկելու նոր հավանականությունը մնում է բարձր:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը ծնում է բարդ մարտահրավերներ ռուսական դիվանագիտության համար, որը պետք է պահպանի ոչ դյուրին հավասարակշռությունը ֆորմալ դաշնակցի և արժեքավոր գործընկերոջ միջև:

Գլխավոր խնդիրն է՝ եթե ոչ հակամարտության քաղաքական կարգավորումը, ինչն այսօրվա դրությամբ հնարավոր չէ, գոնե այն պահել սառեցված վիճակում: Հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը այն քիչ դրվագներից մեկն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը առայժմ զրո գումարով խաղ չեն խաղում: ԱՄՆ-ը և Եվրոպան հանդես են գալիս հրադադարի ռեժիմի պահպանման օգտին: Ավելին, ղարաբաղյան հակամարտության մեջ միասնական դիրքերից են հանդես գալիս ոչ միայն Արևմուտքն ու Ռուսաստանը, այլև Իրանը: Սա բացառիկ կոնսենսուս է՝ հիանալի նախադրյալ, բայց դա դեռևս նոր արյունահեղությունը կանխելու երաշխիք չէ, եզրափակում է Մատվիենկոն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031