Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ԱԺ ընտրությունները եղել են ապօրինի»

Մարտ 26,2018 20:50

Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կազմակերպած հանդիպմանն էր, որտեղ պատգամավորին երիտասարդ վերլուծաբանները հարցեր էին տալիս:

Aravot.am-ը պարոն Փաշինյանից հետաքրքրվեց՝ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանափոխության իր ծրագիրն է առաջարկում, եթե նման քայլի է գնում, արդյոք սա նշանակում է, որ ՔՊ-ն չի՞ ընդունում ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը:

Պարոն Փաշինյանը մեր հարցին ի պատասխան նախ անդրադարձավ իշխանափոխության իրենց ծրագրին. «Եթե պարզվի, որ ժողովուրդն ուզում է, պատրաստ է եւ կամքն իր արտահայտում է իշխանությունը փոխելու՝ մենք, որպես կազմակերպիչ ուժ, հանդես կգանք այդ կամքի իրականացման երաշխավորի դերում: Պետք է լինի կամարտահայտություն, այսինքն՝ ժողովուրդը որոշել է, մենք էլ որոշումը իրագործելու ենք: Քանի դեռ քաղաքացին չարտահայտի, որ ինքն ուզում է ուրիշ տիպի երկիր, ուրիշ տիպի իշխանություն, ուրեմն դա չի լինի»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության մասին մեր հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Խորհրդարանական ընտրությունների մասին «Ելք» դաշինքը տվել է իր գնահատականը հետընտրական հայտարարության միջոցով»: Մեր դիտարկմանը՝ «Ելք»-ը չի հայտարարել, որ այդ ընտրությունները ոչ լեգիտիմ են, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Հայտարարությունում ասված է՝ ընտրությունները տեղի են ունեցել ընտրակաշառքի համատարած բաժանման պայմաններում: Եվ ցավով արձանագրել ենք՝ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ներգրավված են եղել ընտրակաշառքներ բաժանելու եւ ստանալու գործընթացի մեջ: Ընտրակաշառքը քրեական եւ ընտրական օրենսգրքով արգելված արարք է: Այսինքն՝ սրանով ամեն ինչ ասված է: Լեգիտիմության թեմայով մենք ասել ենք հետեւյալը՝ ընդհանրապես կա 2 խնդիր օրինականության տեսակետից, այսինքն՝ լեգիտիմություն բառն իր ուղղակի նշանակությամբ՝ այդ ընտրությունները եղել են ապօրինի: Բայց կա ուրիշ խնդիր, տեսական քաղաքականության միջավայրում կարելի է հանգիստ ասել՝ ընդհանրապես աշխարհում ցանկացած իշխանություն գոյություն է ունենում այդ հասարակության թողտվության, թույլտվության պայմաններում: Հիմա, եթե մենք երկրում ընտրակաշառք բաժանում ենք, նշանակում է մեր երկրում մարդիկ թույլ են տալիս, որ իրենց ներկայությամբ բաժանեն ընտրակաշառք եւ իրենք ստանան ընտրակաշառք: Եվ սա դառնում է այս տիպի իշխանության աղբյուր»:

Ապա` Փաշինյանը շարունակելով նշեց, թե՝ հնարավոր է իրեն հարց տան՝ եթե այդպես է, ինչո՞ւ եք հիմա նոր նախաձեռնությամբ հանդես գալիս, ՔՊ-ի պատասխանն, ըստ Փաշինյանի, շատ պարզ է. «Մենք ասում ենք՝ շատ լավ, մարդիկ ստացել են ընտրակաշառք, ենթադրենք մի անգամ էլ ստացել են, ի՞նչ է, այդ մարդիկ ցմահ գերության մեջ են լինելու: Ոչ, մեր խնդիրը ՀՀ քաղաքացիներին ազատագրելն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեր այն դիտարկմանը՝ եթե հայտարարվում է, որ ԱԺ-ն լեգիտիմ ընտրված մարմին է, ապա ինչպե՞ս է ՔՊ-ն պայքարում ընտրված մարմնի մեծամասնության դեմ, որի սահմանադրական իրավունքն է վարչապետի թեկնածուի առաջադրելը, Փաշինյանը պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագիրը պայքարում է ընտրակաշառքով ձեւավորված իրավիճակի դեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031