Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն ասաց, որ դեղատոմսերի քանակն անսահմանափակ է, հետեւաբար նույն հիվանդը կարող է գալ, ասել,որ դեղատոմսը կորցրել է, նորը գրել տա ու դեղերի բիզնես անի:
Ըստ նրա, առողջապահության նախարարության նոր որոշումը դեղատոմսով դեղերի վաճառքի մասին նպաստում է դեղերի ապօրինի վաճառքին:
«Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Հակոբ Թոփչյանն ասաց, որ հակաբիոտիկների չափից դուրս ու անտեղի կիրառումը բերել է դիսբակտերիոզի, տարիներ առաջ այդ հիվանդությունը շատ քիչ էր պատահում, ուստի մի օր պե՞տք է վերահսկեին. «Այսօր դեղատան աշխատողը երբեմն փոխարինում է բժշկին, բայց դեղագործն իր տեղն ունի, դեղագետն իր տեղն ունի, բժիշկը՝ իր տեղը: Մարդիկ, հանդիպելով իրենց հարեւանին, որն ունի, ասենք, գլխացավ, կարծում են, դա նույն հիվանդությունն է, ինչ իրենց մոտ կա ու նույն դեղերն ընդունում: Անկասկած, դեղատոմսը պետք է»:
Նա ասաց, որ ՀՀ-ում մոտ 4700 դեղ է գրանցված, Վրաստանում՝ 5000, ՌԴ-ում՝ 19 հազար: Եթե մի դեղ, որը ՀՀ-ում գրանցված չէ, բայց բժիշկն ապացուցում է, որ այն իր հիվանդին պետք է, այդ դեղը կարող է մտնել ՀՀ, դա կիրառելի է: Մյուս բոլոր դեպքերում չգրանցված դեղ բերելը կեղծ դեղերի ներկրմանը համարժեք է:
Բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը հակադարձեց նրան՝ ասելով՝ դիսբակտերիոզը այնքան էլ ծանր հիվանդություն չէ, ընդամենը մեկ հաբով կամ 20 կաթիլով բուժվում է, սա 21-րդ դարն է. «Ու միայն հակաբիոտիկների համար անել սա ես չեմ կարծում ճիշտ է: Կոռուպցիոն խնդիրներ կարող են լինել»: Հետո նա ասաց, որ չի բացառվում դեղատները կոպիտ ասած տակից դեղեր թողնեն:
Ըստ Աղաբեկյանի, ՀՀ-ում դեղերը սարսափելի թանկ են՝ ՌԴ-ի եւ Վրաստանի համեմատ. «Նախարարն ասել է, որ 2025-ից էժանանալու են, եկեք ուրեմն մեր ազգաբնակչությանն ասենք, որ սպասեք մինչեւ 2025-ը»:
Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ ասաց. «Դեղը տանձ չէ ու առողջապահության նախարարությունը ինչ-որ մի Նազիկ տատի բոստանը չէ: Ունենք միջազգային ստանդարտներով ձեւակերպված բոստան, որտեղ, ասենք, աճում է լոլիկը, վարունգը, մնացածը: Ժամանակ առ ժամանակ մեր բոստանի ջուրը կտրում են, կամ թողնում են, որ մոլախոտ աճի»: Ըստ նրա, պետք էր նախապես քննարկել ամեն ինչ, հաշվարկել, նոր որոշում ընդունել: Նա հորդորեց Նաիրա Զոհրաբյանին, որ իր խոստումն անպայման պահի՝ նկատի ունենալով այն, որ Զոհրաբյանը խոստացել է Սահմանադրությանը համապատասխան ապրիլի 9-ից հետո պահանջել նախարար Լեւոն Ալթունյանի հրաժարականը:
Զաքարյանն ասաց, որ նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ շատ լավ աշխատում էին, իսկ Ալթունյանը որեւէ կազմակերպության հետ չի քննարկում ու որոշումներ է ընդունում. «Հերիք է, էս երկիրը էքսպերիմենտների տեղ չի»:
Զաքարյանն ասաց, որ եթե առաջ Վրաստանից ՀՀ եկող վարորդները դեղերի ցուցակ էին ունենում ու դեղ էին բերում, հիմա մարդիկ գնում են Վրաստան՝ միանգամից բուժվում, գալիս են, որովհետեւ այնտեղ բուժումն էլ է էժան: Ամբողջ փողը գնում է Վրաստան, որովհետեւ մեր առողջապահության նախարարությունը նույնիսկ հարկերի հարցը չի լուծում. «Այն քաղաքականությունը, որ վարում է առողջապահության նախարարությունը, ընդունելի չէ եւ եթե լինեին ստալինյան ժամանակները եւ սաբոտաժի հոդվածը, այդ նախարարության աշխատակիցների 99 տոկոսը պետք է հայտնվեին փակի տակ՝ այդ հոդվածով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ