Վաշինգտոնը որոշում է կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուս դիվանագետների՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:
Այսօր ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արտաքսում է 4 ռուս դիվանագետների: Ռուսաստանի դեմ դեմարշին ե միացել նաև Ֆրանսիան, Լեհաստանը և Կանադան:
Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պերսոնա նոն գրատա է հայտարարել 4 ռուսների, որոնք դիվանագետի քողարկման տակ աշխատել են որպես լրտեսներ:
Չեխիան իր հերթին անցանկալի անձ է հայտարարել 3 դիվանագետների, Լիտվան՝ նույնպես երեք ու ևս 43 ռուսների ներառել է այսպես կոչված «սև ցուցակում», որոնց մուտքը երկրի տարածք արգելված է:
Նիդերլանդները, Դանիան և Իտալիան յուրաքանչյուրն իր երկրից արտաքսել է երկուական դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձ: Լատվիայից և Էստոնիայից արտաքսվել է մեկական դիվանագետ:
13 ռուս դիվանագետների արտաքսման մասին էլ հայտարարել են Ուկրաինայի իշխանությունները:
Եվրամիության երկրների՝ Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկվելիք քայլերը քննարկել են մարտի 22-23-ը Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում:
Մարտի 23-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Ռուսաստանից հետ է կանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին, որպեսզի նրան տեղյակ պահի Բրյուսելի բանակցությունների արդյունքների մասին և նրանից տեղեկատվություն ստանա Ռուսաստանում տիրող իրավիճակից:
Մարտի 4-ին Սոլսբերիում անցորդները նստարանի վրա հայտնաբերել էին Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի մարմինները: Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ նրանք թունավորվել են մարտական «Նովիչոկ» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութով, որն արտադրվում է Ռուսաստանում, և որ այդ թունավորման ետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած է հենց Ռուսաստանը:
Այդ կապակցությամբ Բրիտանիան իր տարածքից արտաքսել է 23 ռուս դիվանագետների, Ռուսաստանն էլ իր հերթին՝ 23 բրիտանացի դիվանագետների, ինչպես նաև փակել է Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում և դադարեցնել Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը:
Մոսկվան հերքում է Սկրիպալի գործով բոլոր մեղադրանքները: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ մեղադրանքներն անվանել է «լպիրշություն»:
Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնն էլ այսօր հայտարարել է, որ բազմաթիվ երկրների աջակցությունը Բրիտանիային «ինքնին նշանակում է պարտություն Պուտինի համար»:
«Աշխարհի համբերությունը սպառվում է նախագահ Պուտինի և նրա գործողությունների նկատմամբ, և այն հանգամանքը, որ Միացյալ թագավորությանն աջակցել են երկրներ ամբողջ ՆԱՏՕ-ից, ամբողջ Եվրոպական միությունից, կարծում եմ, ըստ էության լավագույնն է այն պատասխաններից, որ մենք կարող էինք տալ»,- ասել է նախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կեցցե՜ն արեւմտեան արժէքները: Կեցցէ՜ ժողովրդավարութիւնը: Կեցցէ՜ արեւմտեան երկրների համերաշխութիւնը: