Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:
ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ներդրումային մի շարք ծրագրերի:
Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել իր այցի ու առաջիկա ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության մի շարք ոլորտներում Արցախի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարների շուրջ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին