Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էմանուել Մակրոնը՝ Արմեն Սարգսյանին. «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր դինամիկա է հաղորդում, որը կարտահայտվի երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով»

Մարտ 26,2018 18:25

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս եւ Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս:

Ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, ինչպես նաեւ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակությունների մակարդակով առկա քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Վերջերս Եվրոպայի Միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջեւ ներդրումների եւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերելքով:

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը զարգացնելու, ինչպես նաեւ աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկ դառնալու կոչում ունեցող Շարլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովի գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: Ուրախ եմ վերջինիս մասնակցելու եւ այդ առիթով Հայաստան այցելելու համար:

Վերջում, կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված եւ կայուն լուծում գտնելու գործընթացին»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ Մարոկկոյի թագավոր Մոհամադ Վեցերորդը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ  Չան Դայ Կուանը, Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Թունիսի Նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսիը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031