Պայքարի ավարտին մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Արշակյանը Aravot.am-ի հետ զրույցում գոհունակություն հայտնեց մասնակիցների ցուցադրած մենամարտերի ընդհանուր մակարդակից: «Այս ժամանակահատվածի համար մակարդակը բավարար է: Հատուկ ուզում եմ նշել, որ Երեւանի, հանրապետության մարզերի ու Արցախի ակումբները ներկայացնող մարզիկների մեջ որակական տարբերություն գրեթե չկա: Դա ուրախալի է: Ծոցատետրումս նշում եմ առավել աչքի ընկածների անունները, որոնք հրավիրվելու են ուսումնամարզական հավաքների: Հավաքականի առաջիկա կարեւոր մեկնարկը մայիսի 29-ից հունիսի 5-ը Անապայում կայանալիք WAKO-ի վարկածով աշխարհի գավաթի առաջնությունն է, որտեղ ավանդաբար հանդես են գալիս շուրջ 30 երկրների ուժեղագույն մարզիկները: Հնարավոր է՝ այս տարի բոլոր ոճերից մոտ 20-25 մարզիկով մասնակցենք, ավելի շատ, քան անցած տարի:
WAKO-ն աշխարհի ամենահզոր եւ ամենահեղինակավոր մարզական կազմակերպություններից մեկն է, ինչի շնորհիվ քիկբոքսինգը ճանաչվել է ՄՕԿ-ի կողմից: Ինչպես գիտեք, հավանաբար, թեթեւ (լայթ) ոճից ցուցադրական մրցելույթներ են լինելու 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում: Այդ եւ կոնտակտային (ֆուլ) ոճերը մեզ՝ հայերիս համար ավելի հոգեհարազատ են որպես նաեւ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի: Դրա համար ավելի շատ ուշադրություն դարձնում ենք Հայաստանում այս երկու ոճերի զարգացմանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ