Ռուսաստանի Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մասնավոր պահպանություն իրականացնող ձեռնարկության աշխատակիցը հրդեհի մասին ազդանշան ստանալուց հետո անջատել է ազդանշանային համակարգը, հայտնել են Քննչական ծառայությունից: Այժմ որոշվում է այդ անվտանգության աշխատակցին ձերբակալելու հարցը: Առայժմ հայտնի չէ՝ ինչու է նա նման որոշում կայացրել:
Հրդեհը բռնկվել է կիրակի կեսօրին 4-րդ հարկում, հրդեհի մարման աշխատանքները տևել են 20 ժամ: Կրակի օջախի հարևանությամբ եղել է 3 կինոսրահ, որոնցում մարդիկ արգելափակված են մնացել և զոհվել: Ենթադրաբար կինոթատրոնի աշխատակիցները կողպել են սրահի դռները, որպեսզի մարդիկ առանց տոմսի ներս չմտնեն: Շենքի տանիքը մասնակի փլվել է, դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Վերջին տեղեկություններով հրդեհի զոհ է դարձել 64 մարդ, այդ թվում երեխաներ, 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական ծառայության հաղորդագրության մեջ նշում է, որ այս պահին ձերբակալվել ու հարցաքննվել են 4 կասկածյալ, այդ թվում շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական հարցերով տնօրենը, այն հաստատության վարձակալը, որում ենթադրաբար եղել է բռնկման էպիկենտրոնը, հրշեջ-ազդանշանային համակարգի սպասարկմամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը և աշխատակիցը: Քննարկվում է նաև ազդանշանային համակարգն անջատող աշխատակցին ձերբակալելու հարցը:
Լուրջ խախտումներ են թույլատրվել ինչպես շենքը շահագործման հանձնելիս , այնպես էլ դրա աշխատանքի ընթացքում:
Հրդեհի պատճառների մասին վերջնական եզրակացություն կարվի քննչական և ընթացակարգային գործողությունների և դատական փորձաքննության ավարտից հետո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ