Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իսկապես Թուրքիայի գործողությունները հասնեն մինչև Սիրիայի հյուսիս, տեղի հայությունը վտանգի տակ կլինի». Կիրո Մանոյան

Մարտ 26,2018 16:51

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մտահոգված է, որ սիրիական տագնապը, դժբախտաբար, շատ շուտ ավարտ չի ունենալու:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանը նշեց, թե այդ հարցն արդեն վաղուց վերածվել է ոչ թե ներսիրիական խնդրի, այլ տարածաշրջանում շահագրգռված տարբեր ուժերի ուղղակի բախման: Ըստ պարոն Մանոյանի՝ սա քաղաքական առևտուր է, քանի որ կարծեք ԱՄՆ-ն, շատ համաձայն չլինելով հանդերձ Թուրքիայի քայլերին Սիրիայում, նաև չի ուզում լրիվ առճակատման գնալ:

Միևնույն ժամանակ Կիրո Մանոյանը կարծում է՝ թեև ԱՄՆ-ն որոշեց Թուրքիային ազատություն տալ, սակայն ամեն ինչ չէ, որ թույլ կտա. «Վստահ չեմ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն թույլ կտան, որ Թուրքիան այդքան ծավալվի: Սա է այն կարմիր գիծը, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն առանց իրար հետ համադրելու Թուրքիայի առջև Աֆրինում կքաշեն: Կան մի շարք գործոններ. ԱՄՆ-ն չի ցանկանում, որ իրենց հարաբերություններն այնքան սրվեն, որ բախումի գնան, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այսօր պատանդ են Էրդողանի ձեռքում՝ Սիրիայից գաղթականների հարցի պատճառով: Եթե Թուրքիան ցանկանա, այդ փախստականներին բաց կթողնի դեպի Եվրոպա, և այնտեղ մեծ իրարանցում կստեղծվի, ինչպես տեսանք 2016-ին: Որ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրեն, Թուրքիան կրկին այդ ծորակը կբացի»:

Այն, որ թուրքական իշխանությունները, 58 օր տևած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում սիրիական քրդաբնակ Աֆրին քաղաքը գրավելով, հայտարարում են, որ չեն սահմանափակվելու այդքանով, ավելին, Էրդողանը նշել է, որ շարունակելու է ռազմական գործողությունները նաև Սիրիայի հյուսիսում, այս հայտարարություններում պարոն Մանոյանը վտանգ է տեսնում:

Դառնալով Իրաքի սահմանին մոտ գտնվող Ղամշլու քաղաքում Թուրքիայի կողմից հնարավոր գործողություններին, պարոն Մանոյանը մտահոգություն հայտնեց, որ դա կվտանգի տեղի հայության անվտանգությունը. «Ղամշլուում տակավին կան հայեր՝ մի քանի հազար: Եվ եթե իսկապես Թուրքիայի գործողությունները հասնեն այդտեղ, նշանակում է, որ ամբողջ քաղաքը, նաև այնտեղ բնակվող հայությունը վտանգի տակ կլինի: Անմիջական վտանգ այս պահին քաղաքին չկա, բայց այն, որ Թուրքիան հայտարարում է այնտեղ ռազմական գործողությունների իրականացման մասին, դա արդեն մտահոգիչ է:»:

Դառնալով Աֆրինում Սիրիայի կատարած գործողությունների դրդապատճառներին՝ պարոն Մանոյանը նկատեց. «Կիսով չափ իսկապես Սիրիայից Թուրքիայի զգացած վտանգն է՝ քրդական գործոնի պատճառով, բայց համարյա կեսը զուտ ներքին քաղաքականության համար է արվում: Հետևաբար այս ընթացքը տեսնելու ենք մինչև 2019-ի՝ թուրքական նախագահական ընտրությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031