ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որն օրերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) նախանշված են նաեւ 2018-2024թթ. համար կանխատեսելի որոշ իրողություններ, որոնք բխում են ՀՀ անվտանգային միջավայրի առանձնահատկություններից և ռազմական սպառնալիքների բնույթից: Փաստաթղթում գրված է, որ մասնավորապես կանխատեսելի են հետեւյալ կետերը.
-Չնայած ՀՀ-ն կշարունակի ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությունը, հակամարտության վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության առավելապաշտական մոտեցումները: Ադրբեջանը կշարունակի ռազմականացման ու սպառազինությունների մրցավազք հրահրելու և «ակտիվ սահմանի» քաղաքականությունը՝ մշտապես բարձր պահելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածությունը, ձեռք բերելով հարձակողական բնույթի նոր՝ բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, իրականացնելով ռազմական գործողությունների վերսկսման տեղեկատվական և քարոզչական նախապատրաստում:
-Ադրբեջանում ներքաղաքական հնարավոր լարվածությունները, ինչպես նաև սոցիալական ընդվզումները, ժողովրդավարական վերահսկողության ինստիտուտների բացակայության պայմաններում, հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով ևս կարող են պատճառ հանդիսանալ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման համար:
-Իրավիճակի լարումը սադրելու ներուժ ունեն նաև տարածաշրջանում ապակառուցողական շահեր հետապնդող որոշ դերակատարներ: Այդ առումով լրացուցիչ վտանգ կարող է ներկայացնել ահաբեկչական խմբերի ակտիվացումը:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ