Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան չի սահմանափակվելու միայն Աֆրինով». Մուշեղ Խուդավերդյան

Մարտ 26,2018 16:25

«Քրդական հիմնախնդիրը դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ըստ թուրքագետի՝ թերևս Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք որևէ գերտերությունից չեն վախենում՝ չնայած ԱՄՆ-ն հայտարարում է, որ եթե Թուրքիան շարունակի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կսպառնան իր իսկ շահերին, ապա ԱՄՆ-ն կարող է զինված միջամտություն իրականացնել Թուրքիայի դեմ: Ըստ պարոն Խուդավերդյանի՝ թուրքական իշխանությունները նույնիսկ այս հայտարարությունից չեն վախենում: Այս համատեքստում թուրքագետը նկատեց. «Թուրքիայի շուրջ արտաքին քաղաքական զարգացումներն ավելի են լարվել: Վատթարացել են Թուրքիա- ԵՄ հարաբերությունները: ԵՄ-ում այժմ միայն ալարկոտը չի քննադատում Թուրքիայի քաղաքականությունը»:

Մուշեղ Խուդավերդյանը հայտնեց, որ գերմանական կուսակցությունների ղեկավարությունը նույնպես հայտարարում է, որ այժմ ժամանակն է էլ ավելի խստացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները և սառեցնել Թուրքիայի հետ բոլոր տեսակի ռազմական կապերը. «Մասնավորապես առաջարկում են, որ ԵՄ երկրներն այլևս զենք չվաճառեն Թուրքիային»:

Ըստ թուրքագետի՝ այս առումով բավական ոչ շահեկան վիճակում է հայտնվել Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը բավականին կախված է Թուրքիայի ղեկավարությունից: Ուստի նրանք հասկանում են, որ եթե փորձեն վարել Թուրքիայի իշխանություններից անկախ քաղաքականություն, ապա լրջագույն խնդիրների կբախվեն:

Փաստելով, որ վերջին օրերին Թուրքիան վերջնականապես գրավեց Աֆրինը, Մուշեղ Խուդավերդյանը հիշեցրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք այս գրավումով չեն սահմանափակվելու. առջևում դեռ կան այլ քաղաքներ. «Էրդողանը չզլացավ նաև սպառնալ Իրաքի ղեկավարությանն այն առումով, որ եթե Իրաքի ղեկավարությունը չզբաղվի Իրաքի տարածքում քրդական բանվորական կուսակցության զինյալների մաքրումով, ապա դա կանի թուրքական բանակը: Որպես ապացույց՝ թուրքական զինուժը սկսեց գործողություններ թուրք-իրաքյան սահմանին, ինչի հետևանքով Իրաքի Սինջար քաղաքից հեռացան քրդական բանվորական կուսակցության զինյալները»:

Մուշեղ Խուդավերդյանի գնահատմամբ՝ իրադրությունը բավականին լարված է Սիրիայի համար. «Սիրիայի իշխանությունները ցավով նշում են, որ հարևան ոչ մի երկիր չի հարգում Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այս առումով կարող ենք ասել՝ ինչպես իրադրությունն է ցույց տալիս, եթե Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները նույն տեմպերով շարունակվեն, ապա ոչ միայն Սիրիայի, ապա Մերձավոր Արևելքի մյուս երկրների տարածքային ամբողջականությունը կհայտնվի սպառնալիքի տակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031