Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը ապրիլի 9-ից հետո Լեւոն Ալթունյանի հրաժարականն է սպառնում պահանջել՝ օգտվելով Սահմանադրությունից

Մարտ 26,2018 16:23

«Դուք հանրային կարծիքն ուսումնասիրե՞լ եք, ասում եք՝ գնացել ենք հիվանդանոց: Դուք վերահսկող եք, բա հասարակության մեջ մտե՞լ ե ք, կառավարությունը միշտ կտրված է ժողովրդից»,-այսօր Դեղերի մասին ԱԺ լսումների ժամանակ բողոքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ օրենքի ընդունման հետ կապված հանրային իրազեկում արվել է: Գեւորգ Պետրոսյանն էլ հակադարձեց, որ հանրությունը տեղյակ չի եղել իր «գլխի գալիքից»: Հետո նա քննադատեց. «Որ ասում եք միջազգային փորձ, որեւէ երկրում ինֆարկտով հիվանդին չեն ուղարկում տուն, ասում՝ փողը բեր, բա խի՞ չեք այդ բաները յուրացնում»:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ամեն դեպքում հանրությանը իրենք չեն կարող թողնել անպաշտպան՝ դեղերի սխալ օգտագործումից:

Ուշագրավ է, որ լսումներին չէր եկել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ուստի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դա անընդունելի է, ոլորտի կարեւոր հարցն են քննարկում ու Ալթունյանի կողմից արհամարհանք է դրսեւորվում. «Ավելին ասեմ՝ երբ ապրիլի 9-ից նոր Սահմանադրությունը ամբողջապես կմտնի ուժի մեջ, դրույթը, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը, «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այդ դրույթից եւ այն նախարարներին, որոնք իրենց այսպես ասած պատվից ցածր են համարում գալ այստեղ պատասխանել լրջագույն հարցերին, երբ առողջապահության համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նմանօրինակ նախարարների հարցը մենք անպայմանորեն կքննարկենք եւ կբարձրացնենք»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որեւէ մեկը չի ասում, որ ոլորտը բարձիթողի լինի, հիվանդը չպիտի ինքն իրեն գնա եւ դեղատնից վերցնի իրեն անհրաժեշտ դեղը, բայց ինչպես միշտ, մենք գալիս ենք վերջից. «Ես բազմաթիվ անգամներ եղել եմ ԵՄ-ում, այնտեղ կա ցիվիլ, գրագետ առողջապահական համակարգ, առողջապահական ապահովագրական համակարգ: Եթե քաղաքացին այնտեղ գնում է դեղ գնելու եւ նրան 200 դրամանոց դեղ գնելու համար ասում են 20 հազար դրամի հետազոտություն պիտի անցնես, հետազոտության գումարը, կառավարության հարգարժան ներկայացուցիչներ, վճարում է ոչ թե պացիենտը, այլ՝ ապահովագրական համակարգը: Հիմա մենք չունենալով ապահովագրական համակարգ, գալիս ենք ամենավերջին կետը վերցնում ենք եւ ասում ենք՝ սա լավ է, միջազգային փորձն է: Միջազգային փորձն ունի բժիշկներ, որոնք կարող են, տառաճանաչ են եւ կարող են գրել դեղատոմս: Հիմա ես գրազ եմ առաջարկում առողջապահության նախարարությանը՝ միասին մտնենք եւ 10 բժշկի տանք պարզ անալգին  դեղի քիմիական բաղադրատոմսը, վստահեցնում եմ ձեզ, որ 10-ից 8-ը չի կարողանալու գրել: Ոչ թե վատ բժիշկներ են, լավագույն բժիշկների հետ եմ խոսել, իրենք էլ ասում են՝ չենք կարող դեղի բաղադրությունը գրել, հաշվի չե՞ք առել ռիսկայնությունը, որ կարող են սխալվել իրենք եւ դա ինչ հետեւանքներ կունենա հիվանդի վրա»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կասկած ունի, որ սրանով «դեղի մաֆիայի» համար ճանապարհ են բացում. «Ունենք դեմքեր, որոնք դեղեր են ներկրում, ունեն դեղատներ, իրենց հիվանդանոցներում էլ ուղղորդելու են հիվանդներին այն դեղատներ եւ գրելու են այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխը ներկրում է:  Դուք չգիտե՞ք սա ինչ համակարգի է տանելու եւ ինչ մոնոպոլիայի է տանելու»:

Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո դահլիճը սկսեց ծափահարել, Ալթունյանի հրաժարականի պահանջը նույնպես ոգեւորություն առաջացրեց դահլիճում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031