Aravot.am-ի տեղեկությունների համաձայն, օրերս պաշտոնազրկել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գյումրու տարածքային բաժնի պետ, ՀՀԿ-ական Թոմիկ Գևորգյանին՝ որպես ժ/պ նշանակելով 37-ամյա Սարիկ Մինասյանին (լուսանկարում)։ Մեզ հետ զրույցում Թոմիկ Գևորգյանը հաստատեց այս տեղեկությունը ՝ նշելով, որ շարունակում է իր գործունեությունը նույն ոլորտում, այժմ Ախուրյանի տարածքային բաժնում որպես խորհրդատու է աշխատում։ Իսկ թե ո՞րն է եղել նրան ազատելու պատճառը, Թոմիկ Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանել։
Մեզ հասած տեղեկություններով, վերջինիս ազատման համար որևէ լուրջ պատճառ չի եղել, պարզապես ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, ստանձնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնը, սկսել է աշխատանքի տեղավորել իր նախընտրած մարդկանց, տվյալ դեպքում Սարիկ Մինասյանին։
Նշենք, որ Սարիկ Մինասյանը 2013 թվականից զբաղեցնում էր Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բյուջեի, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։ Նա քաղաքապետարանից անցած տարի էր ազատվել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ