Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր ԱԳՆ ներկայացուցիչը միջնորդում դռնփակ նիստի համար

Մարտ 26,2018 16:08

Տեղեկացրել ենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել արտաքին գործերի նախարարությանը: Հայցադիմումով նախարարությունից պահանջվում էր տրամադրել տարիներ շարունակ բանակցված եւ 2013 թվականին համաձայնեցվելուց հետո տապալված Հայաստան-ԵՄ ասոցացման ու խորը եւ համապարփակ համաձայնագրի նախագիծը: Դեռեւս 2015թ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել համաձայնագրի գոնե այն հատվածը, որը վերաբերում է սակագնային կարգավորումներին: Արտգործնախարարությունն էլ պնդել էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա վաղաժամ հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:

Մարտի 20-ին կայացած նիստին դատարանը որոշեց մերժել հայցվորի՝ դատական նիստը լուսաբանելու մասին միջնորդությունը եւ որոշվեց նիստն անցկացնել դռնփակ, քանի որ պատասխանողը պնդել էր, որ նիստի ընթացքում պետք է ներկայացվի ապացույց, որը գաղտնիություն է պարունակում:
Aravot.am-ը հայցվորի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ հրապարակվեց, ինչպես պնդում էր ԱԳՆ ներկայացուցիչը:

«Ես կարող եմ ասել, որ պետական գաղտնիք հանդիսացող որեւէ փաստաթուղթ նիստին չի քննարկվել եւ երկրորդ, ներկայացված փաստաթուղթը դեռեւս խիստ հարցականի տակ է, թե ինչ կապ ունի դատավարության սահմաններում քննարկվողի հարցի հետ, թե արդյոք Հայաստանն ու ԵՄ-ն ունեցել են փոխադարձ պայմանավորվածություն չհրապարակելու մասին: Եվ տվյալ փաստաթուղթը ինչ կապ ուներ դրա հետ, պարզ չէր»,-ասաց Դանիել Իոաննիսյանը, հավելելով, որ ապրիլի 1-ին դատաքննություն է լինելու:

«Ես կարծում եմ, որ դռնփակ դատական նիստի կարիք չկար, քանի որ այդտեղ չի քննարկվել ոչինչ, որի հրապարակումը կարող էր որեւիցե կերպով վնասել Հայաստանի Հանրապետությանը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031