Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ ԱԺ նիստերի դահլիճը կդառնա հարմար, որ ես մարդավարի կարողանամ մասնակցել նիստերին». Արմեն Ալավերդյան

Մարտ 26,2018 15:57

«ԱԺ-ից ո՞վ կարող է պատասխանել, թե ե՞րբ ԱԺ նիստերի դահլիճը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Ե՞րբ ԱԺ նիստերի դահլիճը կդառնա հարմար, որ ես մարդավարի կարողանամ մասնակցել նիստերին՝ ե՞րբ, միգուցե 20, միգուցե 100 տարի հետո»,- այսօր դեղերի վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ այսպիսի հարցադրում արեց «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, որը սայլակով է տեղաշարժվում եւ ԱԺ նիստերի դահլիճ հասնելու համար դժվարություններ ունենում: Ինչպես հայտնի է, ԱԺ շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվելու համար:

Հարցը հռետորական էր եւ որեւէ մեկը ԱԺ-ից չպատասխանեց նրան:

 ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե մարզերում դեղատոմսով դեղերը գնելու համար պայմաններ կա՞ն, ի՞նչ իրավիճակ է այնտեղ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ Երեւանի եւ մարզերի միջեւ որեւէ տարբերություն չեն դրել, մարզի պատասխանատուների հետ համատեղ աշխատել են. «Շրջաններում ավելի բարվոք վիճակ է, հավատացեք»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հարցրեց՝ դեղատոմսում չպետք է դեղի անունը նշվի, այլ պետք է լինի ակտիվ նյութի անունը. «Մեր առողջապահական համակարգում այս ակտիվ նյութերի իմացությունը ինչպե՞ս եք գնահատում, վստա՞հ եք, որ մեր պոլիկլինիկաների բժիշկները տիրապետում են ակտիվ նյութերին դեղերում եւ դեղատներում աշխատողները, որ դեղագետ են, արդյոք լավ իմացություն ունե՞ն ակտիվ նյութերի»: Նա ասաց, որ դեղատներում կան նույն ակտիվ նյութով մի քանի դեղեր եւ դեղատան աշխատողը, բնականաբար, կառաջարկի թանկը, բա հիվանդը ոնց կողմնորոշվի:

Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Վստահ եմ, ոչ մի խնդիր չի առաջանա: Կան դեղերի ցանկեր, որոնցում նշված է ակտիվ նյութը եւ այն բոլոր դեղերը, անունները, որոնք առկա են հայկական շուկայում: Բժիշկը կարող է որոնել եւ անմիջապես ստանա ակտիվ նյութի անվանումով դեղերի ցանկը: Սրանով կբարելավվի նաեւ իրենց իմացությունը»: Փոխնախարարն ասաց, որ հիվանդին ուղղորդելը պատժվելու է, բայց ոչ ոք չի արգելում թանկ դեղ էլ ձեռք բերել, ընտրությունը հիվանդինն է:

Մասնակիցներից մեկը հարցրեց՝ եթե այս նոր կարգը սահմանելով՝ ուզում եք, որ մարդիկ անիմաստ տեղը հակաբիոտիկներ չօգտագործեն, հավի մեջ էլ հակաբիոտիկներ կան, էլ չասենք ծանր մետաղների առկայության մասին, եթե հակաբիոտիկներ չեք ուզում բնակիչները անկանոն ստանան, ապա հավի ներմուծո՞ւմն էլ եք արգելելու, ի՞նչ եք անելու, որ հավի միջոցով էլ մարդիկ հակաբիոտիկներ չստանան:

Փոխնախարարը պատասխանեց, որ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիդենտականության վերաբերյալ ռազմավարություն են մշակել, որը վերաբերում է սննդի միջոցով հակաբիոտիկների ստացմանը եւ այդ առումով նույնպես գյուղնախարարության հետ աշխատանք են տանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031