ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ
(նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով)
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ պահանջելով պարտավորեցնել Տարոն Մարգարյանին կատարել հայցվող գործողությունները՝ կազմել արձանագրություն Երևանի ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման՝ Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի վերաբերյալ և այն ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀՀ վարչական դատարանը 25.01.2018 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է:
Նշված որոշման դեմ 02.02.2018 թվականին Երևանի ավագանու Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան) կայացրել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում` թողնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/0494/05/18 վարչական գործով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 25.01.2018 որոշումը ուժի մեջ:
2.Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2017 թվականի մայիսի 14-ին անցկացված Երևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետևանքով (կեղծիքի և բռնությունների միջոցով) ձևավորված ներկայիս Երևանի ավագանու կազմում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևան քաղաքի ավագանու խմբակցությունն ունի հինգ (5) մանդատ:
Խմբակցության անդամներից 2-ը՝ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, դիմում են գրել խմբակցությունից դուրս գալու մասին (Տես՝ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի դիմումների պատճենները, Երևանի քաղաքային համայնքի՝ Երևանի ավագանու 12 սեպտեմբեր 2017թ.-ի Արձանագրությունը (N 2/1) (Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի):
Երևանի ավագանին ընտրվում է քաղաքական կուսակցությունների մրցակցությամբ և գործում է քաղաքական կուսակցությունների միջոցով ձևավորված խմբակցությունների գործունեությամբ: Երևանի ավագանու խմբակցություններին է պատկանում իրավունքը` ներկայացնել խմբակցության անդամներին Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում:
Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը մեկ նստաշրջանի կեսից ավելին ներգրավված չեն եղել Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում որպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ: Սա հիմք է հանդիսանում տվյալ անձանց լիազորությունների դադարեցման համար: Մի կողմից, իրենք պատշաճ կարգով՝ որպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ, չեն մասնակցել Երևանի ավագանու աշխատանքներին, մյուս կողմից էլ խոչընդոտել են «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները: Տվյալ պարագայում` դա հիմք է Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունների դադարեցման համար:
Ներկայիս Երևանի քաղաքապետի պաշտոնն ապօրինի զբաղեցրած անձ Տարոն Մարգարյանը դրսևորել է անգործություն` վերոնշյալին գնահատական չտալով, չի կազմել համապատասխան արձանագրություն՝ Երևանի ավագանիում Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին և այն չի ներկայացրել ՀՀ ԿԸՀ:
18.12.2017թ. Տարոն Մարգարյանին դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, սակայն վերջինս չի պատասխանել իրեն հասցեագրված դիմումին:
3.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պատճառաբանությունները.
Դատարանը նշված գործով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, Դատարանը կիրառել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որը չպիտի կիրառեր, խախտել է՝ սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի նորմերը, նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի.
«1. Ավագանու անդամն իրավունք ունի`
1) նախաձեռնելու ավագանու ակտերի ընդունումը (ներառյալ` բյուջեի), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով այդ ակտերի ընդունման նախաձեռնությունը վերապահված է բացառապես քաղաքապետին, ավագանու խմբակցությանը կամ ավագանու անդամների առնվազն մեկ երրորդին.
2) ստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների.
3) ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու.
4) կատարելու Երևանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ.
5) առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
6) ավագանու և քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների մեկ հինգերորդը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցություն կարող են դիմել վարչական դատարան` ավագանու և քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով.
7) իրականացնելու սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ»:
Տվյալ դեպքում` Դատարանը, կիրառելով վերը նշված հոդվածը, նկատի է ունեցել այն հանգամանքը, որ դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն անձը, ում իրավունքներն անմիջականորեն խախտվել են, մինչդեռ ելնելով փաստական հանգամանքներից՝ կարելի է գալ այն համոզման, որ տվյալ նորմի կիրառումը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից ավելորդ էր, քանի որ ոչ թե խախտվել էին Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի իրավունքները, այլ իրավունքների խախտման զոհ էր դարձել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Վերը նշված հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը նախատեսել է վարչական դատարան դիմելու հնարավորությունը: Վարչական դատարան կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձինք, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
Սույն բողոքի փաստական հանգամանքների համաձայն՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներից 2-ը՝ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը, դիմում են գրել խմբակցությունից դուրս գալու մասին (Տես՝ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի դիմումների պատճենները, Երևան քաղաքային համայնքի՝ Երևանի ավագանու 12 սեպտեմբեր 2017թ.-ի Արձանագրությունը (N 2/1) (Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի):
Երևանի ավագանին ընտրվում է քաղաքական կուսակցությունների մրցակցությամբ և գործում է քաղաքական կուսակցությունների միջոցով ձևավորված խմբակցությունների գործունեությամբ: Երևանի ավագանու խմբակցություններին է պատկանում իրավունքը` ներկայացնել խմբակցության անդամներին Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում:
Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևը մեկ նստաշրջանի կեսից ավելին ներգրավված չեն եղել Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում որպես «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ: Սա հիմք է հանդիսանում տվյալ անձանց լիազորությունների դադարման համար:
Տվյալ դեպքում` Դատարանն արձանագրել է, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը: Դատարանն իր որոշման մեջ վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ եկել է սխալ եզրահանգման, քանի որ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը, ընդգրկվելով խմբակցության կազմում, իրենց գործունեությամբ և անգործությամբ խախտել են «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու նախընտրական ծրագրի դրույթները և «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության կանոնադրությունը, այսինքն՝ անմիջականորեն խախտվել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության իրավունքները: Բացի այդ՝ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանն իրենց դիմումի հիման վրա դուրս են եկել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության կազմից՝ շարունակելով պահել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու մանդատները:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը խախտել են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կանոնադրությունը, հրաժարվել են իրականացնել «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու ծրագիրը և չեն մասնակցում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքներին՝ դուրս են եկել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կազմից և ընդգրկված չեն Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներում, Երևանի քաղաքապետի պաշտոնը ապօրինի զբաղեցրած անձը պարտավոր էր՝ կազմել համապատասխան արձանագրություն և դիմել ՀՀ ԿԸՀ:
Հաշվի առնելով, որ Երևանի ավագանիում գործում է պարզ համամասնական ընտրակարգով կուսակցական մանդատների բաշխման կարգ՝ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանն առաջադրվել են որպես ավագանու անդամներ ոչ թե ինքնաառաջադրմամբ, այլ «Երկիր Ծիրանի» կուսակցության գործադիր մարմնի՝ Ժողովի որոշմամբ (Կուսակցության ցուցակով), և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է կուսակցության կողմից ներկայացված ծրագրով, որը պարտավոր է կյանքի կոչել, և քանի որ Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը հրաժարվել են այդ պարտականությունից, հետևաբար, նրանք քվե ստանալով կուսակցության շնորհիվ` չեն կարող շարունակել գործել որպես ավագանի:
Համեմատական անցկացնելով պատգամավորի և ավագանու անդամի լիազորությունների դադարեցման ընդհանրությունների և նույն խնդիրների հետ ու անալոգիա անցկացնելով ՀՀ Սահմանադրական դատարանի
ՍԴՈ-810 որոշման մեջ արտահայտած դիրքորոշման հետ, որտեղ նշվում է, որ «ՀՀ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ընտրակարգի շրջանակներում, երբ պատգամավորը մանդատը ստանում է կուսակցությանը տված ձայների շնորհիվ, նրա վերաբերյալ ընտրողը որևէ կամաարտահայտություն չի դրսևորել, սակայն ցանկանում է դուրս գալ խորհրդարանական խմբակցությունից, ապա դա կարող է անել մանդատը կամավոր վայր դնելուց հետո միայն, քանի որ հակառակ դեպքում կնպաստի խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությանը, որը փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունն օրենսդիր մարմնում և չի բխում իրավական պետության և ժողովրդաիշխանության սահմանադրական հիմնարար սկզբունքներից»:
Տվյալ դեպքում, Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը, չարտահայտելով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական դիրքորոշումը, չիրականացնելով նրա ծրագրային դրույթները և չգործելով որպես Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ՝ նպաստում են Երևանի ավագանիում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությանը, որը փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունը Երևանի ավագանիում և չի բխում իրավական պետության և ժողովրդաիշխանության սահմանադրական հիմնարար սկզբունքներից:
Հաշվի առնելով, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը լիարժեք չի սահմանել բոլոր դեպքերը, համաձայն որոնց` ավագանու լիազորությունները պետք է վաղաժամ դադարեցվեն, բայց միևնույն ժամանակ` նմանատիպ հարցի կարգավորման համար առկա է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-810 որոշումը, հետևաբար, չնայած այն հանգամանքին, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը չի պարունակում որևէ նորմ, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու լիազորությունների դադարեցման հիմք է հանդիսանում նաև ավագանու դուրս գալը խմբակցությունից: Համամասնական ընտրակարգն ունի իր առանձնահատկությունները, որոնք հիմնականում դրսևորվում են նրանում, որ այս ընտրակարգի դեպքում ժողովուրդը կոնկրետ քվեարկում է քաղաքական միավորի՝ կուսակցության կամ դաշինքի օգտին՝ հավանություն տալով վերջիններիս նախընտրական ծրագրին և գաղափարական ուղեգծին՝ արդյունքում հնարավորություն ստանալով իրականացնելու իր իշխանությունը տվյալ քաղաքական միավորի կողմից ձևավորված խմբակցության միջոցով: Համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ժողովուրդը, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածին համապատասխան, իր իշխանությունը պատվիրակում է ոչ թե այս կամ այն թեկնածուին, այլ կոնկրետ քաղաքական ուժին, միավորին, կուսակցությանը՝ որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Հետևաբար, համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու՝ տվյալ խմբակցությունից դուրս գալու հանգամանքը վերջինիս զրկում է ժողովրդի կողմից պատվիրված ծրագրերն ամբողջական ծավալով իրականացնելու հնարավորությունից: Ըստ այդմ՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու՝ խմբակցությունից դուրս գալը, որի հնարավորությունն ամրագրված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետով, պետք է հիմք հանդիսանա նրա լիազորությունների դադարեցման համար:
Այսպես, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` «1. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող անձին: Եթե վերջինս հրաժարվում է մանդատից, ապա նա հանվում է թեկնածուների ցուցակից: Եթե ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր»:
Բացի այդ, օրենքի պահանջով որևէ Մշտական հանձնաժողովում նրանց մասնակցությունը կարող էր լինել միայն Խմբակցության առաջադրմամբ, քանի որ նրանք դուրս են եկել Խմբակցությունից և հետ են կանչվել հանձնաժողովներում հանդես գալու խմբակցության անունից, ուստի նրանց մասնակցությունը որևէ հանձնաժողովին ապօրինի է եղել, իսկ օրենքով նշված է, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե…բացակայել է Ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ Հանձնաժողովի նիստերի կեսից…
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական և հիմնավորված։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով։
Այսպես Դատարանը որոշում է կայացրել, վերը նշված մի շարք իրավական նորմերի խախտումներով, հետևաբար կայացրել է անօրինական որոշում:
Վճռաբեկ դատարանը (քաղաքացիական գործ թիվ 3-1648(ՎԴ) հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Դատարանը կայացրել է Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում, թողնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/0494/05/18 վարչական գործով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 25.01.2018 որոշումը ուժի մեջ, հետևաբար՝ կայացրել է չհիմնավորված դատական ակտ:
Այսպես, սույն գործով Դատարանը վճիռ է կայացրել վերը նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա և հանգեցրել անօրինական և չհիմնավորված, դատական ակտի կայացման:
4. Պահանջ.
Հիմքը ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանին
Խնդրում ենք
Սույն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ։
Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/0494/05/18 գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.03.2018թ. որոշումը, փոփոխել՝ հայցը բավարարել:
Բողոք բերող անձ՝
Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար
Սոննա Աղեկյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ
Մարինա Խաչատրյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ