Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետանց դեղեր ունեիք, ուզում էիք ծախեի՞ք. Դեղերի դեղատոմսով վաճառքի մասին լսումները՝ ԱԺ-ում

Մարտ 26,2018 15:40

«Ծառուկյան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խոսեց դաշտում առկա խնդիրների մասին, առանց դեղատոմսի դեղերի վաճառքի մասին. «Ցանկացած քաղաքացի իր մտավախություններով ու համոզմունքներով, հարեւանների համոզմամբ գնում էր դեղատուն եւ ասում՝ ես ունեմ աջ կողքիս ցավ, ի՞նչ կառաջարկեք: Դեղատան աշխատակիցը, բավարարելու համար պահանջը, առաջարկում էր դեղեր եւ ոչ ոք չէր կարող վերահսկել այդ դեղերի վաճառքը, հասկանալ, թե ինչպես է այդ դեղն ազդեցություն թողել հիվանդ մարդու վրա: Այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում մնալ չի կարող»:

Փոխնախարարն ասաց, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն դեղատոմսով եւ արգելվում է այլ ձեւաթղթով դեղերի դուրսգրումը. «Բժշկական հանրությունը առանց դեղատոմսի, ուղղակի բլանկների վրա նշումներ կատարելով՝ ուղղորդում էին պացիենտին անվանական դեղատուն: Այն ժամանակ մենք չունեինք լուծումներն այս հարցի եւ չէինք կարող վերահսկելի դարձնել սա: Ժուռնալիստներից լսում էինք, իմանում էինք, չէինք կարողանում վերահսկել»:

Հիմա միջազգային փորձն են ուսումնասիրել եւ հստակ է՝ այն դեղերը, որոնք դուրս պետք է գրվեն դեղատոմսով, չկա երկիր, որ դրանք դուրս գրի առանց դեղատոմսի:

Փոխնախարարն ասաց, որ նախատեսվում է, որ սկզբնական շրջանում օրենքի կիրառումից հետո քրոնիկ հիվանդների մեծ հոսք կլինի բուժկենտրոններ, ինչը կառաջացնի մեծ հերթեր, մինչեւ կկարգավորվի:

Բրենդային դեղերի մասին խոսելիս՝ փոխնախարարն ասաց, որ որեւիցե արգելք բրենդային դեղ ձեռք բերելու չկա: Եթե բժիշկը հիմնավորում է, որ տվյալ հիվանդին հարկավոր է հենց բրենդային այդ դեղը՝ հատուկ ձեւաչափով, դա ընդունելի է:

Բայց նա ասաց, որ բրենդային դեղերը անիմաստ դեղային տարբերություն են ունենում: Եվ իրենց մշակած կարգը կարգավորում է նաեւ այդ խնդիրները: Սերգեյ Խաչատրյանը հստակ հայտարարեց. «Ոչ մի դեղատոմսի տակ չի պարտադրվում կնիքի առկայությունը: Անհրաժեշտ է հատուկ ձեւաթղթի վրա ունենալ միայն ստորագրություն»:

Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ այն հիվանդները, որոնք իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն եւ կարիք ունեն թմրամիջոցների՝ ցավը մեղմելու համար, նախկին կարգը ավելի բարդ էր, հիմա արգելքները հանված են եւ բժշկական ցուցումներով հիվանդի պահանջից ելնելով, ցավը հանգստացնելու համար ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել նաեւ թմրամիջոցներ:

Ըստ պարոն Խաչատրյանի, համակարգն ամեն տարի դուրս է գրել 1.8 մլն-ից մինչեւ 2 մլն դեղատոմս: Սա նշանակում է, ուր եղել են դեղատներ, որոնք այս համակարգի մեջ աշխատել են, այսինքն՝ դեղատոմսով դեղերի վաճառքը նորություն չէ համակարգի համար:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ «Այն, որ մենք պիտի գնանք դեղատոմսով դեղեր ձեռք բերելու ճանապարհով, ակնհայտ է, բայց այն, որ դրա համար պետք է օբյեկտիվ եւ ռեալ բարենպաստ պայմաններ լինեն՝ դա էլ է փաստ: Այսպես չպիտի լինի, որ պայման չունենալով՝ գնանք դրան: Դրա հետ ի՞նչ է զուգորդվում՝ բժշկական ապահովագրություն, ստուգելու պայման, կոմպլեքս պետք է լինի, այլապես կստացվի, որ մենք ուզում էինք անել այսպես, բայց ստացվեց ինչպես միշտ: Ես ուզում եմ լսել՝ դուք համակիր պատրաստվա՞ծ եք ինչ պիտի անեք, թե՞ ռիսկեր լինեն՝ կբախվեք, նոր կմտածեք ինչ անեք»:

Մելքումյանը նաեւ կեղծ դեղերից հարցրեց՝ գիտենք, որ հենց մեր համաքաղաքացիները գնում են Եվրոպա, պատվիրում են, որ այնտեղից դեղ բերեն, այդ ի՞նչ դեղեր են, որ մարդիկ գտնում են, որ Եվրոպայինը ավելի լավն է, քան մեր մոտինը:

Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ կանխատեսվում էր, որ հիվանդների հոսքերը կավելանան եւ ավելացան: Կառավարության որոշման մեջ դրա համար որոշակի փոփոխություն մտցվեց: Առաջին փուլում որոշումը միայն հակաբիոտիկների վրա է տարածվում, հոկտեմբերի 1-ից՝ դեղերի ամբողջ ցանկի վրա կտարածվի. «Դեղատոմսերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որ առաջ են քաշվում, առողջապահական էլեկտրոնային համակարգի ներդրման հետ լուծվելու են»:

Ինչ վերաբերում է կեղծ դեղերին, փոխնախարարը պատասխանեց՝ դեղատոմսը փաստ է, որ հստակ պատասխանատվություն է ենթադրում բժշկի կողմից իր նշանակած դեղերի, բուժման համար. «Դեղատոմսով ձեռք բերված ցանկացած դեղի վերաբերյալ կարելի է ստանալ տեղեկատվություն՝ ինչպես է դա ձեռք բերվել, ով է ներմուծել եւ այլն»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Հնարավոր է, որ նախարարությունը դրական գործ է անում, մտահոգ է քաղաքացիների համար, բայց կազմակերպման ձեւը, ինչպես միշտ, վատագույնն է: Միանգամից այնպիսի սթրես եք առաջացնում հասարակության մեջ, որ ողջ հասարակությունը դեղատներից դուրս չի գալիս, 2-3 տարվա համար դեղ է գնում: Հնարավո՞ր է ժամկետանց դեղերի սպառման խնդիր կար, ուզում էիք, որ վաճառեն, ազատվեն այդ բալանսից: Դուք արգելելով՝ ստեղծում եք նաեւ ստվերային հնարավորություններ»:

Բագրատյանը հիշեցրեց, որ արդեն երեկ ձերբակալվել են մարդիկ, որովհետեւ հիվանդի անվան տակ դուրս են գրել դեղեր ու վաճառքի են հանել դեղերը, ձեռնտու է բիզնես անել, դեղերը կես գնով վաճառել քաղաքացիներին, հիմա ձեր նպատակը պետք է լինի մատչելի մոտեցնել քաղաքացիներին. «Ասում եք՝ թող կիրակի օրով գնա հասնի բուժկենտրոն»:

Փոխնախարարը պատասխանեց, որ ժամկետանց դեղերի կուտակման որեւիցե խնդիր չկա: Ժամկետանց դեղերի ոչնչացման համար հստակ մեխանիզմներ կան, եթե ժամկետանց դեղեր լինում են, հատուկ պայմաններում ոչնչացվում են:

Ինչ վերաբերում է կարգի վատ ներդրման եւ քաղաքացիներին սթրեսի ենթարկելուն՝ փոխնախարարն ասաց, որ եթե ասում եք վատն է կարգը, ուրեմն պետք է նաեւ լավը ցույց տան: Նա նշեց, որ նախկինում էլ իրենց քննադատում էին, թե ո՞նց եք դուք ձեզ թույլ տալիս, որ դեղատները ազատ վաճառք իրականացնեն, հիմա էլ, երբ փորձում են կանոնակարգել, էլի քննադատում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031