Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը համատեղ ասուլիսով հանդես եկան:
Լրագրողները Զատուլինին հարցրեցին՝ տարիներ առաջ դուք պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին նվիրեցիք ոսկե «ռուլետկա», հետագայում ասացիք, որ դա կատակ-նվեր է, այսօր նույնպես հանդիպել եք Սերժ Սարգսյանին, հաճախ եք նրան հանդիպում, հիմա ի՞նչ եք նրան նվիրում:
Զատուլինը պատասխանեց, որ դա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանը հերթական անգամ Շախմատի օլիմպիադայում հաղթեց. «Ես լավ գիտեմ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն նախագահ է, նաեւ Շախմատի ֆեդերացիան է ղեկավարում, ես դրանով իրեն մաղթում էի, որ ժամանակ առ ժամանակ շախմատից հանգստանա: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ե՛ւ սպորտում, եւ քաղաքականության մեջ զարմանալի շախմատիստ է»:
Իսկ թե ինչ է նվիրում հիմա, Զատուլինն ասաց, որ նոր հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահի հետ մայիսի 16-20-ին, այս անգամ՝ թենիսի մրցաշարերի հետ կապված: Կոնկրետ նվերի հետ կապված նա փակագծերը չբացեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ