ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որն օրերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) նախանշված են այդ փաստաթղթի նպատակներն ու խնդիրները: Նախեւառաջ, ծրագրի նպատակն է՝ սահմանել այն հիմնական ուղենիշերն ու ռեսուրսները, որոնք հիմք են հանդիսանալու ԶՈՒ կառուցվածքային ու բովանդակային վերափոխման, կառավարման համակարգերի զարգացման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի նորացման, գիտատեխնիկական ներուժի արդյունավետ կիրառման և այդ ամենով հանդերձ՝ ամուր ու հուսալի պաշտպանունակության ապահովման համար:
Արդիականացման ծրագիրը նպատակ ունի հասնելու ժամանակակից ռազմարվեստի ու անվտանգային միջավայրի պահանջները բավարարող մի մակարդակի, որտեղ ՀՀ զինված ուժերը պետք է համապատասխանեն ռազմական անվտանգության ապահովման և պատերազմի վարման փոփոխվող պահանջներին, ի զորու լինեն կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները, իսկ դրանց իրականացման համար ունենան բավարար մարտունակություն, ներառյալ՝ ուժեր և միջոցներ:
Ըստ փաստաթղթի՝ ՀՀ զինված ուժերը պետք է նաեւ իրենց խնդիրների կատարմանը հասնեն ռեսուրսների առավել արդյունավետ պլանավորմամբ և նպատակային իրացմամբ՝ հնարավորինս մեծ ռազմական արդյունավետությամբ ապահովելով ՀՀ պաշտպանունակությունը, բնակչության անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը՝ երաշխավորելով Արցախի Հանրապետության անվտանգությունը:
Արդիականացման ծրագրի՝ զինված ուժերի զարգացման ու կարողությունների ավելացման առաջնահերթ նպատակային խնդիրներից է ԼՂ հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի հետ զինված դիմակայությանը և դրա՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերաճելու հավանական սցենարներին հակազդումը: Որպես անմիջական ռազմական սպառնալիք՝ համակողմանիորեն գնահատվել են Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական դիմակայության, դրա հնարավոր էսկալացիայի, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, տեղեկատվական, կոմունիկացիոն և մյուս հիմնական հարթություններում ձևավորվող իրողություններն ու հնարավորությունները, առաջադրվել են հուսալի պաշտպանության ժամանակակից և արդյունավետ լուծումներ:
Արդիականացման ծրագիրը ենթակա է ճշգրտումների և փոփոխությունների՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքական իրադրության, անվտանգության միջավայրի և սպառնալիքների բնույթի փոփոխության: Այն ենթադրում է մի շարք ոլորտային ծրագրերի և ռազմավարությունների մշակում, գիտահետազոտական աշխատանքների և պիլոտային ծրագրերի իրականացում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ