Լրահոս
Օրվա լրահոսը

Հետխորհրդային իրականության մշակութային ասպեկտները, կամ պոստսովետիկուսի համախտանիշի ճիրաններում (Էսսե)

Մարտ 26,2018 14:00

Ինչո՞վ է կարեւոր
եւ արդիական «հետխորհրդայինի» թեման
(մեթոդաբանական հարցեր)

Ներկայումս մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ առկա են հանրային-հասարակական բազմաթիվ խնդիրներ՝ աղքատություն, արտագաղթ, հակաօրինականություն, կոռուպցիա, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհներ, խնդիրներ ընտրական համակարգի, դատական համակարգի անկախության, իրավապահ մարմինների գործունեության հետ, հանրային վստահության պակաս, եւ այլն:
Որպես մարդ, որպես քաղաքացի, մեզ, բնականաբար, հուզում եւ մտահոգում են այդ խնդիրները: Մտահոգում առաջին հերթին այն պատճառով, որ կյանքը այսպիսի միջավայրում խիստ անհարմարավետ է շարքային օրինապահ քաղաքացու համար:

Մտահոգում, քանի որ պարկեշտ մարդու համար դժվար է կապել իր եւ իր երեխաների ապագան նման կենսամիջավայրի հետ: Վերջապես մտահոգում, որովհետեւ այդ խնդիրները էական խոչընդոտ են մեր պետության դինամիկ զարգացման, արդիականացման, ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցման համար:
Միեւնույն ժամանակ՝ որպես մտավորական եւ հետազոտող, մենք փորձում ենք հասկանալ այդ խնդիրների որպիսիությունը, դրանց ծագումը, պատմական եւ գենետիկ կապը ու պայմանավորությունները, կարճ ասած՝ տալ այդ խնդիրների ախտորոշումը, որը հնարավոր կդարձնի դրանց արդյունավետ լուծումը:

Այս հարցերի շուրջ տեւական դիտարկումները, ուսումնասիրությունները տեսական եւ կիրառական մակարդակներում հանգեցրեցին մի հետեւության, որ այդ խնդիրները, կամ դրանց զգալի մասը իրենց բնույթով արժեքային եւ մշակութաբանական են (կամ՝ սոցիալ-մշակութային), պայմանավորված են հասարակության մեջ գոյություն ունեցող եւ կիրառվող հարաբերականորեն կայուն վարքաբանական մոդելներով եւ ըստ էության «ժառանգված են» մեր ոչ վաղ անցյալից՝ խորհրդային հասարակարգից:
Առաջարկելով խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի մոտեցումներ, չեմ բացառում այլ տեսակետների ու կարծիքների գոյություն: Ավելին, հրավիրում եմ այս թեմայով հանրային լայն քննարկման, որը պիտի լինի անաչառ, ռացիոնալ, զերծ հուզականությունից, տարբեր կաղապարներից, «կլիշեներից» ու դոգմատիկ դրույթներից:

Ինչո՞ւ է կարեւոր այս թեմայով հանրային դիսկուրսը

Նախ՝ վերը նշված պատճառներով. այն աներկբա իրողությամբ, որ բոլորս (մեր հասարակության գերակշիռ մասը) «ծնունդով» Խորհրդային Միությունից ենք, կրում ենք մեր մեջ այդ երկրի արժեքամշակութային տարրեր եւ «ինքնավերլուծության» կարիք ունենք:

Երկրորդ, հարկ է փաստել, որ նշված թեմայով հանրային դիսկուրսը մեր իրականության մեջ խիստ բեւեռացված է՝ բացարձակ «ընդունումից» մինչեւ բացարձակ մերժողականություն: Կա ավագ սերունդ (որոշ բացառություններով), որը, վկայակոչելով խորհրդային ժամանակաշրջանի (գիտություն, կրթություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, արվեստ եւ այլն) նվաճումները, բնութագրում է այն բացարձակ դրական երանգով, եւ երիտասարդ սերունդ, որը ձեւավորվել է այլ արժեքային դաշտում, ունի իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական հարաբերությունների այլ ընկալում եւ կենսադիրքորոշում: Այս սերունդը, բնականաբար, միարժեքորեն մերժում է «խորհրդային ամեն ինչը»:

Այս բեւեռացումը ահագնանում է վերջին տասնամյակում մեր մերձավոր հարեւան երկրում՝ Ռուսաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներով, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես նահանջ ժողովրդավարությունից դեպի ավտորիտար համակարգ, կամ «վերադարձ խորհրդային ժամանակներին»: Ահագնանում է այն պատճառով, որ մեր հասարակությունը իր թե քաղաքական-իշխանական, թե հանրային-հասարակական կապերով սերտորեն կապված է այդ երկրի հետ, լակմուսի պես զգում է եւ կրում է այնտեղ տեղի ունեցով գործընթացների ազդեցությունը:

Մինչդեռ, մեզ անհրաժեշտ է օբյեկտիվ դիսկուրս, վերլուծող ու «արմատը տեսանող», զերծ հուզականությունից ու կաղապարներից, միտված «ինքնաճանաչման» եւ մեր մեջ եղած խնդիրների բացահայտման:

Ահա՝ թե ինչու է անհրաժեշտ քննարկումը:

Մի վերապահում անեմ: Ներկայացված նյութում առկա պնդումները գիտական առումով եւ ակադեմիական մեթոդաբանության տեսանկյունից կարող են խոցելի թվալ, քանի որ օգտագործված չէ թեմատիկ գրականություն, չկան հղումներ կոնկրետ հեղինակներին կամ աշխատություններին: Դատողությունները եւ եզրահանգումները, որոնք ներկայացված են, վերցված չեն կոնկրետ գիտական աշխատություններից, թեեւ հետխորհրդային իրականության սոցիալ-մշակութային ասպեկտներին անդրադարձեր արվել են մեկ տասնյակից ավելի ռուս եւ արեւմտյան հեղինակ-գիտնականների կողմից (կարելի է թվարկել): Այնուհանդերձ, թեմայում հնչեցված մտքերն ու արված դատողությունները ներկայացված են գիտականորեն ընդունված եւ ապացուցված գործընթացների ներքո, արդի քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի, մշակութաբանության եւ հասարակագիտական այլ գիտակարգերի բազային հասկացությունների միջոցով (գիտական ապարատի առկայություն):

Մաս 1: Մշակութային տրանսֆորմացիան որպես տրանզիտի («անցման») կարեւորագույն բաղադրիչ

Եվ այսպես՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց: Ի՞նչ տեղի ունեցավ

Փլուզվեց ավտորիտար (տոտալիտար) քաղաքական համակարգը, փլուզվեց վարչահրամայական, պլանային տնտեսական համակարգը, փլուզվեց խորհրդային գաղափարախոսության ամբողջ կառույցը:

Հայաստանը, ի թիվս հետխորհրդային այլ երկրների, սկսեց կերտել նոր մոդելի, նոր կառուցվածքի պետություն: Սկսվեց նոր հասարակարգի կառուցումը:
Պետք է փաստել, որ այդ նոր հասարակարգի կառուցումը ընթացավ երկու հիմնական ուղղություններով, երկու բազիսային վեկտորներով.

ա) քաղաքական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ժողովրդավարացում – դեմոկրատիզացիա,

բ) տնտեսական համակարգի վերափոխում (տրանսֆորմացիա), կամ ազատ շուկայական հարաբերությունների հաստատում – մարկետիզացիա:

Էստեղ մի կարեւոր նկատառում անենք: Խորհրդային իդեոլոգիայի փլուզմանը եւ համընդհանուր մերժմանը չհաջորդեց որեւէ այլ (տվյալ դեպքում՝ ազգային) գաղափարախոսության «առաջ քաշում» եւ ներդրում հանրային կյանք: Տեղի չունեցավ ընթացող «վերափոխման» գործընթացների գաղափարախոսական բազիսի ստեղծում1: Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր բարձունքից ազգային գաղափարախոսությունը անվանեց միֆ (քաղաքական կեղծ կատեգորիա) եւ մերժեց: Ինչպես կտեսնենք, այս հանգամանքը հասարակության հետագա տրանսֆորմացիոն գործընթացներում չափազանց վատ հետեւանքներ պիտի ունենա դրանց «բովանդակության» վրա:

Ցավոք, դեմոկրատիզացիան եւ մարկետիզացիան չուղեկցվեցին մշակութային տրանսֆորմացիայով՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների նոր մշակույթի ներդրմամբ, ինչը կենթադրեր մարդ-մարդ, մարդ-պետություն, մարդ-հասարակություն հարաբերությունների որակապես նոր, ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ընդունված արժեքային կողմնորոշիչներ, վարքաբանական մոդելներ եւ կենսադիրքորոշում: Արդյունքում՝ հասարակությունը շարունակեց «կրել եւ կենսագործել» հին, Սովետից ժառանգված մշակութաբանական մոդելները եւ վարքաբանությունը:
Էստեղ մի փոքր կանգ առնենք՝ հասկանալու հասարակական տրանսֆորմացիաների օրինաչափություններն ու առանձնահատկությունները:

Երբ մենք խոսում ենք տրանսֆորմացիայի (տրանզիտ, անցում) մասին, մենք հաճախ գործածում ենք ռեֆորմ կամ բարեփոխում բառը: Ի՞նչ է ռեֆորմը: Ռեֆորմը (լատ. Reform, re-forma) ձեւի, ֆորմայի փոփոխությունն է: Ասենք, մենք ունենք միակուսակցական պետություն (Խորհրդային Միությունը), որտեղ Կոմունիստական կուսակցությունը Սահմանադրությամբ ամրագրված էր որպես «սովետական հասարակության ղեկավար եւ ուղղորդող ուժ» (ՍՍՀՄ 1977թ. Սահմանադրություն): Դեմոկրատիզացիայի հետեւանքով մենք ունենք նոր իրավիճակ, որտեղ Սահմանադրությամբ ամրագրված է «գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը»: Սրանք ֆորմալ փոփոխություններ են, ձեւի փոփոխություն՝ ռեֆորմ:

Իրականում այս ֆորման պիտի ստանա բովանդակություն, «միս ու արյուն», որպեսզի արդյունավետ գործի: Այլ կերպ ասած՝ քաղաքականության սուբյեկտների, քաղաքական գործիչների ներքին համոզմունքը, կենսադիրքորոշումը, քաղաքական-իրավական մշակույթը պետք է համապատասխանի այդ նոր ֆորմայի ոգուն եւ տրամաբանությանը, որպեսզի քաղաքական այդ նոր ինստիտուտը իրապես կայանա եւ արդյունավետ գործի: Եթե քաղաքականության սուբյեկտները բազմակուսակցական սահմանադրական իրողություններում շարունակեն մտածել եւ գործել միակուսակցականության պարադիգմի եւ մտայնության մեջ, զերծ լինեն քաղաքական բազմակարծության մշակույթից, ոչ մի իրավական ամրագրում չի փոխի իրավիճակը: Այսինքն, պետք է տեղի ունենա մշակութային տրանսֆորմացիա:

Ռուս պետական եւ քաղաքական գործիչ, ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը Ռուսաստանում դեմոկրատիզացիայի գործընթացները մեկնարկելուց մեկուկես տասնամյակ հետո ասում էր. «Ինչ կազմակերպություն ստեղծում ենք, ԽՄԿԿ է ստացվում2»:

Գաղափարախոսության նշանակությունը հանրային կյանքի կազմակերպման մեջ, ընդհանրապես եւ անցումային (տրանզիտ) հասարակություններում, հատկապես, մի առանձին մեծ քննարկման թեմա է: Հանրային-հասարակական վերափոխումների (հեղափոխություններ, հեղաշրջումներ, հասարակարգային փոփոխություններ, նոր պետության կառուցում, տրանզիտներ, տրանսֆորմացիաներ) շրջանում գաղափարախոսությունները վիթխարի դեր ու նշանակություն են ունեցել այդ տրանսֆորմացիաները բովանդակությամբ լցնելու, լեգիտիմացնելու, դրանց կենսունակությունն ապահովելու գործում:

Սրա պատմական օրինակները բազմաթիվ են. Իսրայել պետության ստեղծման ժամանակ դա սիոնիզմի գաղափարախոսությունն էր, Ռուսաստանում տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխության պարագայում՝ պրոլետարիատի եւ Մարքսիզմ-Լենինիզմի, «չինական հրաշքը» բովանդակությամբ էր լցվում կոնֆուցիականության փիլիսոփայությամբ, սինգապուրյան հրաշքի հիմքում Լի Կուան Յուի գաղափարական դոգմաներն էին (պոստուլատներ) եւ այլն:

Եվ հակառակը: Գաղափարախոսության բացակայությունը բերում է տրանզիտի «բովանդակային» ձախողման, որի պարագայում մենք ունենք «ֆորմայի» փոփոխություն, բայց «բովանդակության» հին վարքաբանական մոդելներ: Տրանզիտի «բովանդակային» ձախողման հետեւանքներից մեկը ըստ էության՝ սպառողական հասարակության ձեւավորումն է (ինչի ականատեսն ենք):

Եվ այսպես, փաստենք, որ քաղաքական եւ տնտեսական տրանսֆորմացիաները (բարեփոխումները)՝ դեմոկրատիզացիան եւ մարկետիզացիան չուղեկցվեցին հասարակության մշակութային (սոցիալ-մշակութային) տրանսֆորմացիայով: Տեղի չունեցավ նոր արժեքների, նոր արժեհամակարգի վրա հիմնված վարքաբանական մոդելների ստեղծում եւ ներդրում: Հասարակությունը շարունակեց «կրել եւ կենսագործել» հին, Սովետից ժառանգած հանրային-հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալ-մշակութային մոդելները եւ վարքաբանությունը: Իսկ որո՞նք էին դրանք:
______________________

1. ղարաբաղյան շարժումը, անկախությունը, ինքնորոշումը, իսկ այնուհետ՝ արցախյան ազգային-ազատագրական պայքարը տվյալ դեպքում կարելի է դիտարկել որպես «հեղափոխական», անցումային իդեոլոգիայի տարրեր, որոնք հետագա պետության կայացման երկարատեւ գործընթացներում չեն կարող հանդիսանալ հասարակության եւ ազգային պետության համար որպես գաղափարախոսական կայուն հենք:
2. Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն

(շարունակելի)

ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆ
Հանրային կառավարման մասնագետ, վերլուծաբան

«Առավոտ»

24.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031