Մարտի 24-ին մոլեգնած ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել նաեւ Հրազդանի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցին, որն անցած տարվանից ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ հիմնանորոգում է Լողի հայկական դաշնությունը:
Քամու հետեւանքով լուրջ վնասվել է լողավազանի տանիքի շուրջ 2500 քմ թիթեղյա ծածկույթը: Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը Aravot.am-ին ասաց, որ աղետի մասին տեղյակ են համապատասխան ատյանները: «Մարտի 25-ի առավոտյան Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ միասին ուսումնասիրել ենք լողավազանի տանիքը, հաշվարկել հասցված վնասի մոտավոր չափը: Արամ Դանիելյանը հենց տեղում խոստացավ ըստ ամենայնի աջակցել արագ կարգով տանիքը կարգի բերելու գործին: Մոտ ժամանակներս շինարարները կսկսեն աշխատել»:
Լողավազանի հիմնանորոգումը սկսվել է անցած տարվա ձմեռնամուտին: Հիմնական աշխատանքն ավարտական փուլում է, մնացել է ներքին հարդարումը, որն ընթացքի մեջ է: Լողավազանի շահագործումը նախատեսված է 2018 թվականին:
Հ.Գ. Երեկ Հովսեփ Մեսրոպյանի հետ Հրազդանից մեկնեցինք նաեւ Իջեւան, որտեղ անցած տարի շահագործվել է Իջեւանի լողի մասնագիտացված ՄՊՄԴ-ն: Բարեբախտաբար, տարերքն այստեղ շրջանցել էր մարզահամալիրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ