«Ես դրան հումորով եմ վերաբերվում: Իշխանությունը արկղ չէ, որ գնան ու վերցնեն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե իշխանությունը ապրիլի 9-16-ն իշխանությունը փողոցում ընկած է լինելու, ժողովուրդը կարող է գնալ եւ վերցնել:
Իշխող կուսակցության պատգամավորը նկատեց`նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո սահմանադրորեն իշխանությունը կլինի իր տեղում. Ազգային ժողովի նախագահն այդ ժամանակ կլինի երկրի ղեկավարը ու որեւէ արտառոց բան չի լինի:
Վահրամ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ ՀՀԿ-ում որեւէ անհանգստություն չունեն ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վարած փողոցային պայքարից: Ասում է` յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր պայքարի ձեւը: Բայց իր համար առնվազն անհասկանալի է`ինչպե՞ս կարող են խորհրդարանական ուժերը թողնել խորհրդարանն ու գնալ փողոցում պայքարելու:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուին, ՀՀԿ-ն մի քանի օրից կհրապարակի իրենց թեկնածուի անունը: Վահրամ Բաղդասարյանը հորդորեց`այդքան սպասել եք, մի քանի օր էլ համբերեք:
«Մենք թույլ չենք տա զենքի ուժով ներքաղաքական իրավիճակը քայքայել: Իսկ օրենքի սահմաններում ցույցերը հարգում ենք, և իրավասու մարմիններին կոչ կանենք, որ ապահովեն կարգ ու կանոնը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով հնչող ապստամբության կոչերին: Նման կոչ, հիշեցնենք, արել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ