«Չհամաձայնել, ընդվզել և պայքարել իրավունքների համար»,-անդրադառնալով Երևանի ավագանու նիստերը լրագրողների առաջ փակելու որոշմանը` հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված «Մամուլի առաջ փակվող դռները. ի՞նչ հետևանքներ կունենա օրենքի ուժով տեղեկատվության սահմանափակումը» թեմայով հանրային քննարկմանը պարոն Մելիքյանը փաստեց՝ նորմ է դարձել, երբ իշխանությունները, չկարողանալով լուրջ քաղաքական, տնտեսական խնդիրներ լուծել, որպես մեղավոր ընտրում է մամուլը, լրագրողներին. «Փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն և լուծեն սեփական խնդիրները, նրանք որոշում են շարունակել աշխատել այնպես, ինչպես աշխատել են, բայց բոլոր հնարավոր սահմանափակումները կիրառել մամուլի և լրատվամիջոցների նկատմամբ»։
Պարոն Մելիքյանը նաև նշեց, թե իշխանությունները, այնուամենայնիվ, կգտնեն փաստարկներ իրենց քայլերն արդարացնելու միջազգային կազմակերպությունների առաջ։ Նա նաև հիշեցրեց, որ քննարկումներից մեկի ժամանակ Եվրամիության դեսպանը հայտարարել է, թե Եվրամիությունում էլ դռնփակ նիստեր են անցկացվում։
Եզրափակելով պարոն Մելիքյանը վրդովվեց. «Այսպիսի խայտառակ ընտրություններ անցկացնելուց հետո գոնե բարի եղեք բաց աշխատեք, թե չէ հազարումի ղալաթներ կարող եք անել»։ Կես կատակ կես լուրջ պարոն Մելիքյանը մտահոգություն հայտնեց, թե լրագրողի՝ պաշտոնյաների հետ շփվելը դարձել է Նոր տարվա լիմոնադի նման մի բան, իսկ եթե շաբաթը մեկ պաշտոնյաները ասուլիս տան, ապա լրագրողների կողմից նրանց նկատմամբ նման վայրենի գրոհ չի լինի։
Հարցին ինչպե՞ս այս քաղաքականության դեմն առնել, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը պատասխանեց. «Փաստացի ունենք իրավիճակ, որ ցանկացած բովանդակության օրենք այսօր հնարավոր է մեկ օրում ընդունել Ազգային ժողովում»։ Ըստ տիկին Դոյդոյանի՝ քաղհասարակությունը մի շարք գործողությունների է նախատեսում, բայց դեռ այդ մասին չեն հայտարարի, որպեսզի իշխանությունները չկարողանան պաշտպանվել։ Այս առիթով նա ասաց. «Մի բան ակնհայտ է, որ խնդիրը պետք է հասնի մինչև Եվրոպական դատարան։ Ակնհայտ հակասություն կա Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպական դատարանի սահմանած սկզբունքների միջև»։
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի վստահեցմամբ՝ նիստերի՝ լրագրողների համար փակ լինելը զգալիորեն փոխելու է նիստերի որակը. «Այն բացատրությունը, թե մի քանի տեսախցիկներով այդ ամենը հեռարձակվելու է, որևէ քննադատության չի ենթարկվում։ Այնուամենայնիվ, հեռարձակման կոճակի վրա նստած է լինելու իրենց մարդը։ Այն միջադեպերը, որոնք լինելու են քաղաքապետարանում, տեսախցիկներն այդ ամենը չեն որսալու»։
Պարոն Հարությունյանը նաև մտահոգություն հայտնեց, թե իրենց իրավունքներն էլ են ոտնահարվել. «Երևանի ավագանու խմբակցություններն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ քաղաքացիներին հրավիրել Երևանի ավագանու նիստերին։ Մեր այս իրավունքը նույնպես սահմանափակվել է։ Մենք նույնպես մտածում ենք մեր իրավունքի սահմանափակումը բողոքարկել»։
Դառնալով Եվրամիության ներկայացուցիչների համեմատություններին,թե եվրոպական երկրներում էլ են դռնփակ նիստեր տեղի ունենում, պարոն Հարությունյանը նշեց. «Համեմատություններն ուղղակի ծիծաղելի են։ Կհորդորեմ դեսպանին համեմատել Բեռլինի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի աշխատանքը Երևանի քաղաքապետարանի նույն պաշտոնյայի աշխատանքի հետ»։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ տարածաշրջանում, օրինակ` Թուրքիայում, Իրանում, Ադրբեջանում, փակ համակարգերով աշխատելու միտում է նկատվում։ Սակայն ըստ պարոն Բաղդասարյանի՝ 21-րդ դարում փակ համակարգով ապրել հնարավոր չէ. մի օր պայթելու է. «Սա ավտորիտար համակարգի ճանապարհին հերթական քայլն է։ Փակ համակարգ պիտի լինի, այն փակ պիտի լինի լրատվամիջոցների համար, ինչպես ԽՍՀՄ-ում, երբ կային մի քանի իշխանական լրատվամիջոցներ։ Հիմա էլ Երևանի քաղաքապետը կարող է իր նախընտրած լրատվամիջոցներին հրավիրել ներս՝ նիստի։ Խոսքը միայն լրագրողների իրավունքների մասին չէ, այլ հասարակության՝ տեղեկացված լինելու սահմանափակումների»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ