Ի՞նչ պարագայում «Լուսավոր Հայաստանը» կմիանա «Քաղաքացիական Պայմանագրի» նախաձեռնած պայքարին`այսօր խորհրդարանական ճեպազրույցներում լրագրողներից մեկը նման հարց տվեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանին:
«Այն ճանապարհային քարտեզին, որը մեզ ներկայացվել է ժամանակին, համաձայն չեինք: Հիմա փոփոխությունների է ենթարկվել, դրանցից մենք տեղյակ չենք, չենք էլ կարող կարծիք հայտնել: Այս պահին չենք պատրաստվում միանալ: Մեր գործընկերները ամբողջ սրտով հավատում են, որ կարող են փոխել, բայց մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» փողոցային պայքար է սկսում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» դեմ են «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած պայքարի տարբերակին, թեեւ իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզները ևս փողոցային պայքարի տարրեր պարունակում են:
«Ամեն մարդ, ով անդամակցում է «Ելք»-ի կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը: Լրագրողներից մեկը հեգնեց` այսպես շարունակվելու դեպքում երեքհազարականներին հազիվ էլ հաջողեն: Գեւորգ Գորգիսյանը գնդակը նետեց լրատվական դաշտ: Ասաց` դա կախված է նաեւ ընդդիմադիրների գործունեության լուսաբանումից:
Aravot.am-ի խնդրանքին`մի փոքր գաղտնազերծել` «Քաղաքացիական պայմանագրի» հատկապես ո՞ր առաջարկներին են իրենք դեմ, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց, որ գաղտնազերծել չի կարող, բայց. «Մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոնալ գործունեություն ծավալել`մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ ենք ենթադրում: Նույն կոնցեպտն ուներ նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը»:
Մեր դիտարկմանը`ժամանակին ԲՀԿ-ն, հիմա էլ «Ծառուկյան» դաշինքն էլ է համակարգային պայքար տանում, բայց արդյունքներ կարծես թե դեռ տեսանելի չեն, Գեւորգ Գորգիսյանը հակադարձեց. «Իրենք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել»:
Մանրամասները` տեսանյութում
Հարցին`հնարավո՞ր է, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները որոշեն միասն առաջադրել վարչապետի թեկնածու, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Դեռ կքննարկենք, քանի որ համատեղ «Ելք»-ի ծրագրերն են եղել: Հիմա, քանի դեռ կա առանձին «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել: Զուգահեռաբար հիմա չենք ծավալի: Վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, բայց չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»:
Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը «շատ լուրջ» նշանակություն ունի այս համակարգի մեջ, բայց չի կարծում, որ նրան փոխելով այլ ՀՀԿ-ականով՝ ինչ-որ բան կարող է փոխվել համակարգում. «Ինձ համար ՀՀԿ-ում չկա վարչապետության որեւէ ցանկալի թեկնածու: Իմ համար վարչապետի թեկնածուն մեր թիմի անդամներից է»:
Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հավելեց` իրենք աշխատում են՝ գիտակցելով դաշինքի գործունեության կարեւորությունը եւ բնականոն աշխատանքը: Բայց նաեւ`«Մենք երբեք չենք խոստացել մեր ընտրողներին, որ հեղաշրջում կամ հեղափոխություն ենք անելու: Մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները եւ մենք դրանցով զբաղվում ենք ամեն օր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ