«Թող գնան վերցնեն: Ի՞նչ ասեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ ապրիլի 9-16-ն իշխանությունը փողոցում ընկած է լինելու, ժողովուրդը կարող է գնալ եւ վերցնել: Հիշեցնենք, որ այդ շրջանում ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, իսկ երկրի նոր ղեկավարի`վարչապետի ընտրությունները ապրիլի 17-ին են նախատեսված:
«Բնականաբար, այդ շրջանում իշխանությունը փողոցում ընկած չի լինելու: Յուրաքանչյուր պետական մարմին իր գործառույթն է իրականացնելու»,- ասաց Աղվան Վարդանյանը`հավելելով, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այդ ձևակերպման հետ:
Նաեւ հեգնեց. «Ո՞ր փողոցում ընկած է լինելու: Կարող է գնան այն փողոցներով, որտեղ ընկած չլինի եւ չգտնեն…»: Լրագրողի դիտարկմանը`Ազատության հրապարակում է ընկած լինելու, պատգամավորը հակադարձեց. «Ազատության հրապարակում թող փնտրեն, բայց այնտեղ նաեւ երթի երթուղիներ կան, դժվար է գտնել»:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաեւ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած ապստամբության կոչերին: Նա վերահաստատեց ՀՅԴ-ի մոտեցումը` ծայրահեղականությունը անթույլատրելի է: «Հակասահմանադրական պայքարի որեւէ կոչ, որեւէ նախաձեռնություն դատապարտելի է մեր կողմից: Չի կարող երկրում լինել փոփոխություն` զինված պայքարով: Սա մոռացեք: Եվ բոլոր այն ուժերը, որոնք այս պայքարի կողմնակիցն են, մարգինալ են մնալու, կարող դերակատար լինել»,- ասաց Աղվան Վարդանյանը`վերահաստատելով համակարգային փոփոխությունների արդյունավետության իրենց մոտեցումը:
Նա կարծում է, որ մտածելու տեղիք պետք է տա այն հանգամանքը, որ 2016-ի ապրիլյան պատերազմի համախմբվածությունից մի քանի ամիս անց մեր երկրում գտնվում են մարդիկ, ովքեր զենքով պայքարի են դուրս գալիս:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ