Կենտրոնական բանկի եւ Գլխավոր դատախազության դիմացի այգին, որը բավականին մեծ տարածք է զբաղեցնում` Շահումյան հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ, արդեն քանի օր է՝ շինհրապարակ է հիշեցնում: Այգին ծայրից ծայր քանդված է, սալիկները` մեծ-մեծ կտորներով հանված:
Քաղաքային իշխանությունները որոշել են Երեւանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այս այգին բարեկարգել` այն պատրաստելով 2800-ամյակին ընդառաջ: Շատրվանների արտաքին տեսքը կթարմացվի ու կնորոգվի, ճեմուղիների վնասված սալիկները կփոխարինվեն նորով, կանաչ տարածքները կբարեկարգվեն: Հիմնանորոգման աշխատանքները, սակայն, կատարվում են առանց շինարարության անվտանգության նորմերը պահպանելու: Շինհրապարակը գրեթե բոլոր կողմերից բաց է, եւ միայն մի քանի տեղ նկատեցինք կարմիր ժապավեն, որը վկայում էր այգի մուտք գործելու արգելքի մասին: Նման ծավալով շինարարության դեպքում այլ այգիներ կամ շինհրապարակներ առավել ապահով պաստառներով են պատվում:
Բացի այն, որ սալիկները քանդելու ժամանակ փոշին ու կեղտը դուրս էին գալիս մայթեր ու փողոց, որտեղով մարդիկ են անցուդարձ անում, բաց շինհրապարակը վտանգավոր է նաեւ երեխաների համար: Լուսանկարելու պահին շինհրապարակին կից երեխաներ էին խաղում:
Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
24.03.2018