«Արդեն չգիտենք՝ ինչ անել, քաղաքացիական դատարաններն անտեսում են քրեական դատարանի վճիռը ու կարծես հովանավորում են վաշխառու Տիգրան Մարտիրոսյանին, որը մի խումբ քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է պահանջում»,- «Առավոտին» վրդովված ասաց Լուսինե Հակոբյանը, որի ընտանիքը տուժել է Մարտիրոսյանից:
Տիգրան Մարտիրոսյանի՝ վաշխառությամբ զբաղվելու մասին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել: Այս անձից տուժած մի խումբ քաղաքացիներ դիմել էին մեր խմբագրություն եւ դժգոհում էին դատավորների վարքագծից:
Հիշեցնենք, որ Տիգրան Մարտիրոսյանը մի խումբ քաղաքացիների տոկոսով գումար է տվել, շինծու եւ խաբեությամբ պայմանագրեր է կնքել նրանց հետ, պայմանագրում գրած գումարից ավելի քիչ գումար տվել քաղաքացիներին, որոնց բնակարաններն էլ կրկին խաբեությամբ իր անվամբ է գրավադրել: Այս ամենը բացահայտվել է Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով: Մարտիրոսյանից տուժած քաղաքացիներն իրար հետ ծանոթացել են հենց այս քրեական գործի շրջանակներում, երբ մեկ առ մեկ սկսել են բացահայտվել Մարտիրոսյանի խարդախությունները:
Քրեական դատարանը մի քանի դրվագներով վճռել է, որ Տիգրան Մարտիրոսյանը վաշխառու է: Նա, ըստ մեղադրական եզրակացության, մեղադրվել է հանրայնորեն վտանգավոր արարք կատարելու համար, 2009 թվականից որպես արհեստ կատարել է վաշխառություն եւ դա շարունակել է մինչեւ 2014 թվականը: Մարտիրոսյանը մի խումբ անձանց Կենտրոնական բանկի սահմանած բանկային 12% տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5% դրույքով, տրամադրելով տարբեր չափերի գումարներ՝ վաշխառություն է կատարել: Այս հանցանքի համար, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը, Մարտիրոսյանը 12 դրվագներով քրեական դատարանի վճիռներով ճանաչվել է վաշխառու, սակայն ոչ մի օր բանտում չի հայտնվել:
Լուսինե Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մայրը Մարտիրոսյանի հետ փոխառության պայմանագիր է կնքել, ըստ այդմ՝ 10 հազար դոլար են ստացել, սակայն պայմանագրում տոկոսի մասին ոչ մի տող չի եղել: Ընդ որում՝ նույն պայմանագրում ոչ թե 10 հազար դոլար է գրված եղել, այլ 16 հազար: «10 հազար դոլարից 7 հազարը վճարել ենք, բայց հիմա դատարանում Մարտիրոսյանը մեզանից պահանջում է 5 միլիոն դրամից ավելի գումար, այն դեպքում, երբ քրեական դատարանը նրան վաշխառու է ճանաչել: Նա պահանջում է որպես բռնագանձման գույք մեր բնակարանը: Մերն այսքան գումար է, մյուսներին մինչեւ 170 հազար դոլարի չափ գումար է տվել»,- ասաց Լուսինե Հակոբյանը: Հակոբյանի խոսքով՝ դատարաններում երկար պայքարին մայրը չդիմացավ. «Շատ ծանր վիճակ էր, սթրես տարավ, սիրտը չդիմացավ, մայրս մահացավ»:
Հակոբյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երբ քրեական դատարանը հաստատել է, որ խաբեության եւ վաշխառության արդյունքում է Հակոբյանին տրված գումարն այդքան մեծ եղել, դիմել են դատարան, որպեսզի գործարքը շինծու ճանաչվի եւ իրական պայմանագրով սահմանվի վերադարձվելիք գումարը: Այս գործով փաստաբանը Վճռաբեկ բողոք էր ներկայացրել, Վճռաբեկ դատարանը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բեկանել է այն վճիռը, ըստ որի՝ Մարտիրոսյանն առաջին ատյանում վաշխառության հիմքում դրված փոխառության գումար էր պահանջում Հակոբյանից: «Բայց Վճռաբեկի որոշումը Մարտիրոսյանն արհամարհում է ու շարունակում է վաշխառությունը: Այսինքն՝ Մարտիրոսյանը դատարան է դիմել ու շարունակում է այդ ապօրինի 10 հազար դոլարը պահանջել: Նրա այս վարքագծի պատճառը քրեական դատարանի մեղմ վճիռն է, որ նա ճաղերի հետեում չի հայտնվել: Թքած ունի դատավճռի վրա, վճիռն իր համար նշանակություն չունի, եւ պատիժն այնքան մեղմ է իր նկատմամբ եղել, որ ինքը պատժից չի վախենում: Սա նաեւ նշանակում է, որ պետության միջամտությունը այս մարդու նկատմամբ շատ մեղմ է»:
Փաստաբանը կարծում է, որ վաշխառու Մարտիրոսյանը հովանավորներ ունի, ասաց, որ չի կարող այդ հովանավորների անունները տալ. «Ուղղակի պատահական մի ուրիշը չէր կարող նման կերպ վարվել»:
Մուրադյանն օրինակներ է բերում Մարտիրոսյանից տուժած այլ քաղաքացիների դատական գործերից, որոնք հիմք են տալիս կասկածելու, ինչպես Մուրադյանն ասաց, որ հովանավորներ ունի:
«Այս վաշխառուից մեկ այլ տուժած՝ Սուրեն Սադոեւի դեմ 2 անգամ Մարտիրոսյանը դատարան է դիմել սնանկ ճանաչելու համար: Այստեղ կար սնանկության կառավարչի, Մարտիրոսյանի եւ դատավորի անհասկանալի զուգադիպությունը. նրանք դիմել էին Սադոեւին սնանկ ճանաչելու պահանջով, նրա հայրանունը սխալ էին նշել: Հենց հասկացան, որ հայրանունը սխալ է՝ Մարտիրոսյանը, կառավարիչն ու դատավորը մեկ մարդ դարձած կարճեցին գործը: Հետո շտապ, շատ արագ սնանկության նոր պահանջ ներկայացրեց Մարտիրոսյանը, ու նույն դատավորն ու կառավարիչը եղան այս գործով ու սնանկ ճանաչեցին: Մենք թեեւ հասանք նրան, որ սնանկության դիմումը մերժվեց, հիմա Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը, բայց հավաստիացնում եմ՝ եթե պատահական մարդ լիներ Մարտիրոսյանը, չէր կարող այսքան բան անել»:
Նմանատիպ մի իրավիճակ է Մարտիրոսյանից կրկին շինծու պայմանագրով տուժած Անահիտ Կարապետյանի գործով: Մուրադյանը պատմեց, որ երբ դատարանն արդեն պետք է որոշեր Մարտիրոսյանի նկատմամբ համաներում կիրառել կամ ազատազրկել, հենց այդ ժամանակ Մարտիրոսյանը Անահիտին վերադարձրեց այն ավելի գումարը, որ վաշխառությամբ էր ստացել, ու համաներում ստացավ. «Ազատվեց պատժից ու այսօր նորից շարունակում է Անահիտից այդ վաշխառությամբ տված գումարը պահանջել»: Մինչդեռ տիկին Անահիտը, ըստ փաստաբանի, ամբողջ գումարը վճարել է, հիմա էլ պահանջում է շինծու պայմանագիրը առ ոչինչ ճանաչել:
Փաստաբանի խոսքերով՝ «Աբսուրդ իրավիճակ է: Ես, որպես իրավաբան, չեմ հասկանում՝ ինչո՞ւ է պետությունը այսպիսի արտոնություններ տվել վաշխառուին: Նրան հովանավորում են, իսկ նա, ով իր նկատմամբ մեղմ վճիռ է կայացնում է, նրան երաշխիք է տալիս շարունակելու վաշխառությունը, անկախ նրանից՝ դատավորը համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ, այդ մեղմ մոտեցմամբ անուղղակի երաշխիք է տալիս նրան: Անհասկանալի է՝ արդարադատությունը ինչպես է թույլ տալիս, որ 12 դրվագներով օրինական ուժի մեջ մտած վճռով վաշխառու ճանաչված անձը կրկին շարունակում է վաշխառությունը մեր երկրի տարածքում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
24.03.2018