Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում ավելի շատ պետք է լինեն կամերային բազմաժանր թատրոնները»

Մարտ 26,2018 11:30

Թատրոնի մարդկանց դիտարկումները՝
ժամանակակից թատրոնի կերպի եւ օրենքի մասին

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: 2004թ.-ից շրջանառության մեջ դրված Թատրոնի մասին օրենքի նախագիծն այդպես էլ մինչ օրս օրենքի ուժ չի ստանում: Եթե «Առավոտը» մեկտեղեր այս ժամանակահատվածում նախագծի շուրջ իրենց տեսակետները հայտնած թատերական գործիչների խոսքը, ապա կստացվեր ոչ թե բուկլետ, այլ գիրք: Օրինակ՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հայտնել էր, թե ինքը օրենքի անհրաժեշտություն չի տեսնում, նրա խոսքերով՝ մեր թատրոնը 2 հիմնական խնդիր ունի, առաջինը՝ ստեղծագործական խնդիրն է, այսինքն՝ ժամանակակից, հետաքրքիր, խորը, պահանջված եւ տաղանդավոր լինելը, երկրորդը կազմակերպչական, որը պետք է օժանդակի ստեղծագործականի բացահայտմանը: Պարոն Բաբայանը խնդիրների առաջին «հորիզոնականում» է տեսնում կրթական համակարգը: Ըստ նրա՝ պետք է գնահատել երիտասարդ տաղանդներին, նրանց առջեւ բացել բոլոր հնարավորությունները, քանի որ ոչ ոք չգիտի, թե մարդուն տաղանդը ինչքան ժամանակով է տրված: «Խնդիր ունենք ստեղծելու բարձրակարգ գեղարվեստական ստեղծագործություններ ու համապատասխան պայմաններ, որպեսզի այդ ստեղծագործություններն ունենան իրենց հանդիսատեսը, եւ ներկայանան ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում»,-ասել էր պարոն Բաբայանը:

Այսօրվա մեր զրուցակիցը՝ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը գտնում է, որ այն խնդիրները, որ այսօր կան դաշտում, հնարավոր է, որ օրենքի ընդունումից հետո կարգավորվեն: Մեր զրուցակցի խոսքերով՝ թատրոնը օրգանիզմ է, ինչը գործի դնելու համար անհրաժեշտ են անհատականություններ: Հետո էլ հավելեց, թե եթե ընդունվի օրենքը, ապա ինքը վստահ չէ, թե անհատականությունը տեղ եւ դեր կունենա:

«Թատրոնի մասին խոսելիս, եթե ցանկանում ենք տեսնել արմատական փոփոխություններ, ապա պետք է ձեռնարկենք փոփոխություններ նախ եւ առաջ թատերական կրթության բնագավառում, կամ երբ խոսում ենք այսօրվա բարձր տեխնոլոգիաների կամ ժամանակակից միտումների մասին, չպետք է սահմանափակվենք միայն ներքին սպառումով, այլ պետք է փորձենք ինտեգրվել ժամանակակից թատերական արտահայտչամիջոցներին, իսկ ժամանակակից թատերական կերպը վիզուալ թատրոնն է: Իրավունք չունենք այսօր ներկայանալ անցյալի գեղագիտությամբ, իսկ մերօրյա գեղագիտության հետ ծանոթությանն օգնում է համացանցը»:

Հետաքրքրությանը, թե մշտապես նշվում է, որ Հայաստանում պետական թատրոնները շատ են, եթե չենք սխալվում՝ դրանք 25-ն են, միայն Երեւանում՝ 14-ը, պարոն Դադասյանը նշեց, թե Երեւանում շատ ավելին պետք է լինեն փոքր, ասենք՝ 100 հանդիսատեսի համար նախատեսված, կամերային բազմաժանր թատրոնները, հետո էլ հայտնեց. «Հարցի ենթատեքստում «լսեցի» նաեւ թատրոնների ֆինանսավորման խնդրի մասին: Աշխարհի ցանկացած երկրում թատրոնն ունի իր ֆինանսավորման աղբյուրը՝ պետական, մասնավոր, տեղական իշխանությունների կողմից, դրամաշնորհների հաշվին… Թատրոնն իր եկամտով պարզապես չի կարող իրեն պահել, մենք ունենք մի առավելություն, որ մեզանում պահպանվել է խաղացանկային թատրոնը»:

Զրույցի ընթացքում Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի իր երկրորդ կուրսի ուսանողների «Ճակատագրի ճամպրուկը» ներկայացումը շուտով կմասնակցի Մոլդովայում կայանալիք թատերական ուսանողական փառատոնին: «Հանձնարարել էի 8 ուսանողի համաշխարհային եւ հայկական գրականության նմուշներից յուրաքանչյուրը ներկայացնի մանրապատում իր ընտրած գրական նյութի հիման վրա, հետո մեկտեղեցինք դրանք եւ ստացվեց այն, ինչ ստացվեց: Ինստիտուտի ղեկավարության, Ռեժիսուրայի եւ դերասանական ամբիոնի վարիչ Ռուբեն Բաբայանի առաջարկով, պրոռեկտոր Նաիրի Սարգսյանի համաձայնությամբ այս նախագիծը «կմեկնի» Մոլդովա»,-տեղեկացրեց Ժիրայր Դադասյանը:

Ի դեպ, Թատրոնի միջազգային օրվա առիթով Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա, որի հասույթը կուղղվի Ստեփանակերտի թատրոնի կարիքներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

24.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե Ա. says:

    Եթե դեռ շահվերդյաններ կան թատրոններում, ինչ ջահելությանը տեղ տալու մասին է խոսքը: )

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031