Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում ոչ թե հողի, այլ մանրաթելերի մեջ ելակ է աճում

Մարտ 26,2018 11:00

Դրան նպաստում են նաեւ Ռուսաստանից
ու Բելգիայից բերված մեղուները

Տուֆի հայրենիք Արթիկում այժմ նոր տեխնոլոգիայի օգնությամբ աճեցնում են յուրատեսակ, այսպես կոչված` եվրոպական ելակ: Կարմիր ու հյութալի պտուղների աճեցման գաղտնիքը ասիական կոկոսի մանրաթելերն ու ռուսական մեղուներն են: Ելակը, արթիկցիների խոսքով, 5 անգամ ավելի շատ եկամուտ կբերի, քան կարտոֆիլի ու ցորենի դաշտերը:

Այս հետաքրքիր փորձի համար ընտրվեց մեր երկրի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը` Արթիկը: «Արթիկը կլիմայական գերազանց պայմաններ ունի, բացի այդ, հաշվի է առնվել նաեւ քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը: Այդտեղ կբացվեն նոր աշխատատեղեր»,- մեզ հետ զրույցում նշեց Green Food ընկերության տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը:
Ելակի ջերմոցում աշխատելու համար տարեսկզբին 250 աշխատանքի հայտ է ներկայացվել: Ընկերության ղեկավարները հատուկ մասնագետներ հրավիրեցին, աշխատողները վերապատրաստվեցին, եւ հիմա 11-ն աշխատանքի է անցել:


Արթիկցիների համար սկզբում տարօրինակ էր բերքն աճեցնել կոկոսի մանրաթելերի մեջ` առանց հողի: Ջերմոցում աշխատող Լիլիթի խոսքով, շատ հետաքրքրված ու ոգեւորված են ոչ միայն իրենք` աշխատողները, այլեւ ողջ քաղաքը: «Շատ ընտանիքներ մեծ հույսեր են կապում այս ջերմոցի հետ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ռուսաստանից եւ Բելգիայից բերված հատուկ «աշխատուժը»` մեղուները, հարմարեցված են ջերմոցային տնտեսություններում աշխատելու համար: Այս տեխնոլոգիայով աճեցրած ելակը աշխարհում ավելի թանկ է վաճառվում: Ընկերության տնօրենը խոստանում է` բերքի երկու երրորդը կարտահանի, իսկ տեղական սպառողի համար գինը չի բարձրացնի: Հետագայում ընկերությունը ծրագրում է ընդլայնել ջերմոցի տարածքը եւ նոր աշխատատեղեր բացել:

ՏԱԹԵՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ»

24.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031