Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել էր Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնք, որտեղ շուտով ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ասաց, որ դեռեւս կոմունիստական ժամանակաշրջանից սկսած՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը ֆուտբոլային համայնքն է եղել եւ ընդհանրապես նախկին Շամշադինի շրջանը ֆուտբոլով հայտնի է եղել. «Ցավոք ֆուտբոլի դաշտերի անմխիթար վիճակում լինելու պատճառով, ժամանակի ընթացքում դրանք կրակոցների տակ գտնվելու պատճառով բավականին հետ մնացինք: Հիմա արդեն փառք Աստծո, նոր մարզադաշտ է կառուցվում: Ծրագիրն առաջին հերթին մեր երեխաներին կտա առողջություն եւ ամենակարեւորը՝ սահմանապահ ժողովուրդը կլինի առողջ ուժեղ՝ եւ ֆիզիկապես եւ հոգեպես: Համոզված եմ, որ այս ֆուտբոլի դաշտը Ներքին Կարմիրաղբյուրի բնակչությանը, ինչպես նաեւ հարակից գյուղերի բնակչությանը կտա ֆիզիկական եւ հոգեկան առողջություն»:
Ֆուտբոլի մարզիչ, Ներքին Կարմիրաղբյուրի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Գալստյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ սիրո՞ւմ են ձեզ մոտ ֆուտբոլ՝ պատասխանեց. «Իսկ որտե՞ղ չեն սիրում: Շաբաթական 3 պարապմունք ենք ունենում 2-ական ժամով, մարզադահլիճ ունենք հագեցված է, մարզասարքեր ունենք: Շատ մեծ է երեխաների սերը ֆուտբոլի հանդեպ, իրենց հաճախումներով է դա երեւում, պարապմունքներին իրենց նվիրվածությամբ, բացակայություններ համարյա չկան, դա ցույց է տալիս, որ սիրում են»:
Մարզիչը վստահեցրեց, որ հեռանկարային երեխաներ շատ կան. «Հիմա մեկին ուղարկել եմ, արդեն այս տարի Բանանցի 13 տարեկանների մեջ է խաղում: Երեխաներ կան, որ կարող են ավելի բարձր տեղեր գնան»:
Մարզիչը եւ համայնքի ղեկավարը Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցում քննարկում էին ցանկապատի հարցը եւ խնդրում, որ մի կողմից ցանկապատ լինի: Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ճիշտ է, որ 4 կողմից էլ լինի: Ի վերջո 3 գյուղ միանալու են իրար, նաեւ այդ գյուղերից երեխաներ կգան, միջմարզային մրցույթներ կանցկացնենք, հետո, տեսնենք ձեր ուժերը բավարարում են, հանրապետական մրցույթներ կլինեն: Ես էլ հիմա մի Գազել մեքենա եմ խոստանում նվեր տալ համայնքին, այդ Գազելով մյուս համայնքներից երեխաներին կտանեք, կբերեք: Թող երեխաները գան այստեղ մարզվեն, գնան: Ես առաջարկում եմ, որ այստեղ լինեն նաեւ հանդերձարաններ՝ սանհանգույցով, ամեն ինչով: Ֆինանսավորումն անում ենք, արագ սկսենք»: Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ նախընտրելի է աշխատատեղով ապահովեն հենց տեղի բնակիչներին, ոչ թե դրսից շինարարներ բերեն:
Իսկ համայնքի ղեկավարը Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցում ասաց. «Այս մարդիկ ոչ սերմնացուի կարիք ունեն, ոչ մի բանի, նրանք կարիք ունեն վերաբերմունքի՝ գան, շփվեն, իրենց աչքերին նայեն, զգան, որ իրենք մենակ չեն»:
Հայրապետյանը խոստացավ՝ ես շուտ-շուտ գալու եմ: Համայնքի ղեկավարի խոսքով՝ «Երբ մարդիկ իրենց հնարավորության սահմաններում օգնում են, դա արդեն ուրիշ կատեգորիա է: Մեր ժողովրդին խղճալ պետք չի, մեր ժողովրդին հասկանալ ու գնահատել է պետք»:
Ռուբեն Հայրապետյանն արձագանքեց. «Ես համարում եմ սա մեր պարտքն է ու մենք պարտավոր ենք անել»: Իսկ երբ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Հայրապետյանին, վերջինս պատասխանեց. «Ինձ շնորհակալություն մի ասեք, ասեք հանրապետության նախագահին եւ այս համայնքի բնակիչներին: Սա ՀՀ նախագահի հանձնարարությունն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լաւ լուր է: Յաջողութիւն ձեր ընթացքին,,
Ես հաւատացած եմ, որ տարիներ անց Տաւուշը ու մասնաւորապէս Շամշադինը Հայաստանի ամենայայտնի զբօսաշրջային կենտրոններից մէկն է լինելու: Մարզադաշտի կառուցումն անուղղակիօրէն նպաստում է դրան: