Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  

Մարտ 25,2018 15:56

Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մարդեղացյալ Աստվածորդու՝ Երուսաղեմ հաղթական մուտքը:

Հոգենորոգ օրվա կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «…Այսօր, շուրջ երկու հազար տարիներ հետո մենք հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում՝ տոնախմբելու մեր Տեր  Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:…Շատերի համար այդ օրերին Հիսուս եկել էր ֆիզիկական փրկություն պարգևելու, իսկ շատերի համար Քրիստոս եկել էր հոգու փրկություն պարգևելու, մի ստվար, հոծ բազմության համար Նա թագավոր էր, ոմանց համար` թագավոր երկրի վրա, իսկ ոմանց համար՝ թագավոր երկնքում: «Ո՞վ է Նա»,-հարցնում էին բոլորը: Պատասխանն այստեղ էր՝ Նա Հիսուս Քրիստոսն էր, որին հավատացին շատերը, իսկ այսօր արդեն՝ միլիարդավորներ: Հիսուս Քրիստոսն էր, որ Իր կյանքը տվեց Իր  արարածների համար, որպեսզի ապրեն նրանք և առավել կյանք ունենան:

…Սիրելիներ, հավատքը դեպի Նա, ով Իր կյանքը չխնայեց յուրաքանչյուրիս համար, տարածվեց և հասավ մինչև մեր օրերը: Եվ մենք այստեղ՝ այս սուրբ կամարների ներքո, այսօր տեսնում ենք, թե ինչպե՛ս  մանուկներ, արք և կանայք, ցնծում են, որովհետև այսօր մենք տոնախմբում ենք ծաղկազարդը, եկել ենք ծաղկազարդվելու այս տոնի խորհրդով, եկել ենք միանալու մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին` Նրա մարմինն ու արյունը ճաշակելով:

Սրբազանն իր խոսքում ողջունեց Ծաղկազարդի առիթով Մայր Տաճարի Ս. Խորանին սպասավորող մանուկներին, ովքեր վաղ առավոտյան ժամանել էին Ս. Էջմիածին Տավուշի թեմի սահմանամերձ քաղաքներից և գյուղերից` մասնակցելու Ս. Պատարագին և ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Սրբազանը հորդորեց Ս. Պատարագի մասնակիցներին՝ ըստ տերունավանդ պատվիրանի նմանվել այդ մանուկներին իրենց մաքրության, անմեղության ու պարզության մեջ, ունենալ շիտակ և մաքուր հոգի և պատրաստ լինել օգնելու և կարեկից լինելու միմյանց:

Ս. Պատարագի ավարտին տաճարում գտնվող բոլոր մանուկները հրավիրվեցին ատյան և, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ: Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկա մանուկներին՝ աղոթելով նրանց անհոգ մանկության և երջանիկ ու աստվածօրհնյալ կյանքի համար:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական ՍԵկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031