Այսօր Շիրակի մարզպետարանում մարզային իշխանությունների, Արտակարգ իրավիճակների նախարարության, էլցանցի տեղի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցավ արտակարգ խորհրդակցություն երեկվա ուժգին քամու պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստանում էր, մեր մոտ բավականին քամոտ եղանակ էր մեղմ ասած, արդյունքում ունեցանք որոշակի տհաճ միջադեպեր, անակնկալներ։ Մարզպետարանում հերթապահություն էր սահմանված մինչև ժամը 22․30-ի սահմանները, երբ քամին կտրվեց, սկսվեց անձրև, գտնվել ենք օպերատիվ կապի մեջ թե՛ արտակարգ իրավիճակների նախարարության, և թե՛ նաև էլեկտրացանցի հետ»,-ասաց մարզպետը։ Նա նշեց, որ էլցանցի հետ աշխատել են սերտորեն․ պլանային անջատումներ են արել, որպեսզի վիճակը չվատանա։
Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը ներկայացրեց, որ 14․54-ից սկսվել են ահազանգերը Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն։ Մինչև ժամը 20․00-23․00-ն ընկած ժամանակահատվածում տարբեր բնույթի մոտ 30 արտակարգ դեպքի ահազանգ են ստացել, որոնք վերաբերել են տան տանիքներին հասցրած վնասների, շրջված հենասյուների, ինչպես նաև 8 հրդեհի դեպքերին։ Վերջինս առանձնացրեց Շիրակի մարզի Ջրառատ համայնքում ժամը 16․37-ին բռնկված հրդեհը, որի հետևանքով այրվել է 500 անասնակեր, տան տանիքը, ավտոտնակը՝ մոտ 700 քառակուսի մետր մակերեսով։
Եղշատյանն ասաց, որ, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չեն եղել։
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանն էլ զեկուցեց, որ արտակարգ հերթապահություն էին սահմանել, պլանային անջատումներ այլևս չկան, բոլորի հոսանքը միացված է, մնացել են միայն վթարային անջատումները։ Թվով 45 համայնք հոսանքազրկվել էր, 70 հենասյուն կա ընկած տարբեր տեղերում, առավոտ շուտ սկսել են վերականգնողական աշխատանքները, 45 բնակավայրերից 20-ում հոսանքը վերականգնվել է։
Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն էլ ասաց, որ արդեն 26 բնակավայրերում արձանագրվել է աղետի հետևանքները, մարզային հանձնաժողովը բաժանել են երեք խմբի, առավոտյան տեղում կլինեն, կճշտեն վնասի չափերը ու կներկայացնեն համապատասխան փաստաթղթերով զեկուցագիր։
Նշենք, որ վնասներ են կրել Գյումրին, խոշորացված Սարապատ համայնքը, Անի խոշորացված համայնքի հինգ բնակավայրերը, Ախուրյանը։ Ծառերի հենասյուների ընկնելու պատճառով վնասվել են գազախողովակաշարեր, կան դպրոցներ, որոնց կտուրներն են վնասվել, օրինակ՝ Արփենիում և Արթիկում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ