Մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը` Ծաղկազարդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է իբրև մանուկների օրհնության օր:
Մարտի 25-ը մարդաշատ էր համայն հայության հոգևոր կենտրոնում: Վաղ առավոտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողների առաջնորդությամբ բազում մանուկներ արդեն ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջև տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, որի ընթացքում հոգևոր դասն օրհնեց աշխարհի չորս կողմերը:
Վերջում Նորին Սրբությունը տոնի առիթով իր օրհնությունը բաշխեց ներկա մանուկներին: Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր ընծայեց, ներկա ժողովրդին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղերը:
Արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ այցելած Տավուշի թեմի մի խումբ մանուկների հետ` ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Տավուշցիները Գարեգին Բ Կաթողիկոսին ընծայեցին ձիթենու ճյուղեր և իրենց ձեռքի աշխատանքները:
Նորին Սրբությունը, հայրական իր օրհնությունը բերելով պատանիներին, նրանց նվիրեց խաչեր և մաղթեց, որպեսզի Աստծո սերն ու շնորհները մշտապես առատ լինեն հայ մանուկների կյանքում և ապրեն խաղաղ ու երջանիկ:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի