«Մերժիր Սերժին» ցույցի մասնակիցներն այսօր շեղվեցին նախապես հայտարարված երթուղուց եւ Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Մելիք-Ադամյան փողոց:
«Նորսուլթան Սարգսյան» գրությամբ պաստառ եւ նախագահ Սերժ Սարգսյանի ծաղրանկարը դրեցին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ: «Գալու է մի ժամանակ, որ բռնակալների պատմության մասին թանգարան է լինելու այս շենքում»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը: Ցույցի մասնակիցները Սերժ Սարգսյանի իշխանությունը մերժող իրենց պաստառներով նկարվեցին ՀՀԿ գրասենյակի մոտ, շնորհակալություն հայտնեցին եւ ծափահարեցին ոստիկաններին, որ չխանգարեցին իրենց այդ ցույցին եւ վանկարկեցին`«ՀՀԿ-ին ասում ենք`ոչ», «Ոչ ռեժիմին»:
Ի դեպ, տարօրինակ էր, բայց ՀՀԿ գրասենյակը հսկող ոստիկանները հեռացան եւ նստեցին հեռվում կանգնած ոստիկանական մեքենայում:
Նաեւ մինի-նստացույց արեցին ՀՀԿ գրասենյակի մոտ:
Այն, որ երթը համազգեստավոր ոչ մի ոստիկանի կողմից չի ուղեկցվում, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը համարում է խախտում: Մեկ այլ խախտում է համարում այն, որ երթն ուղեցվում է ոչ համազգեստավոր ոստիկանների կողմից: Նա առնվազն տարօրինակ է համարում, որ Հանրապետության հրապարակում ճանապարհային ոստիկանները լքեցին հրապարակը, երբ ցուցարարները ինչ-որ ժամանակով խաթարել էին երթեւեկությունը: Սա նա համարում է ինչ-որ առումով «ժողովրդավարական դեկորացիա», համենայնդեպս, այլ բացատրություններ չունի դեռ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ