Այսօր Երեւանում ցույց էր կազմակերպվել` «Մերժիր Սերժին»: Ցույցի նախաձեռնողներից Դավիթ Սանասարյանը հայտարարեց. «Մեր խնդիրն է, որ տարբեր նախաձեռնությունների կազմակերպիչներն ու անդամները միանան եւ ասեն`«մերժիր Սերժին»: Ասում է`մենք չենք կամակոր, կամակորը մի անձ է, որն ասում է` կուսակցությունս ուզում է, որ կրկին ես լինեմ: Դավիթ Սանասարյանը հիշեցնում է`Սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանն ասում էր`ոչ նախագահ, ոչ վարչապետ չի դառնալու, իսկ այսօր շարունակում է «ստել եւ Գալուստ Սահակյանի լեզվով ասել, թե ինչի՞ համար է պետք, որ ինքը մնա» երկրի կառավարման ղեկին:
«Մենք դեմ ենք, որ ինչ որ անձ մեր երկիրն իր դուքանը համարի: Դրա համար պետք է շատանանք` քաղաքներում, փողոցներում եւ ասենք` ինչ ենք ուզում. «Սերժին հեռացում»,- ասաց Դավիթ Սանասարյանը:
Ցույցին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ալեն Սիմոնյանը ներկա էր:
Ցույցն այդքան էլ մարդաշատ չէր:
Ցույցի մասնակիցները երթով անցնում էին Մաշտոցի փողոցով, ապա Ամիրյան փողոցով եւ Հյուսիսային պողոտայով`վանկարկելով. «Մերժիր Սերժին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ